Հայաստան

ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք ստիպողաբար մարդկանց բերում են ցույցի, կազատվեն աշխատանքից․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք ստիպողաբար մարդկանց բերում են ցույցի, կազատվեն աշխատանքից․ Փաշինյան

ՀԷՑ-ի այն աշխատակիցները, որոնք ստիպում են ՀԷՑ-ի կամ այլ կառույցների աշխատակիցներին ներկա լինել գործարար Սամվել Կարապետյանի կալանքի հարցով դատարանի դիմաց ցույցին, կազատվեն աշխատանքից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետին ուղղված հարցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը նշեց, որ Սամվել Կարապետյանի կալանքի հարցով դատարանի դիմաց «մինի ցույց» է կազմակերպվել, որին մարդկանց բերման են ենթարկում աշխատավայրերից։ Ղազարյանը հարցրել է, թե ի՞նչ քայլեր են նախատեսվում նման հարկադրանքներից քաղաքացիներին պաշտպանելու համար։

Վարչապետը հիշեցրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակը՝ նշելով, որ այն անձինք, որոնք մասնակցել են աշխատակիցներին հարկադրելու գործընթացին, հետագայում ազատվել են աշխատանքից։

«ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք կֆիքսենք, որ մարդկանց ստիպողաբար բերում են ցույցի, բոլորը ազատվելու են աշխատանքից։ Հետո չասեն՝ սխալվեցինք։ Իսկ նրանք, ովքեր կհրաժարվեն մասնակցել կամ կհամագործակցեն իրավապահների հետ, կպաշտպանվեն և կխրախուսվեն»,- հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ ՀԷՑ-ը շատ շուտով դառնալու է պետական սեփականություն։

Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ վերջինս հարցազրույցի ժամանակ հնչեցրել է ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալու կոչեր։ 2025 թվականի հունիսի 18-ին Կարապետյանը ձերբակալվել է։

Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Սամվել Կարապետյանը, անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների և իշխանության ներկայացուցիչների միջև վերջին շրջանում առկա բանավեճին, հայտարարել էր, որ ինքը եկեղեցու կողքին է. «Եթե քաղաքական չհաջողվի, մենք մեր ձևով կմիջամտենք եկեղեցու դեմ արշավին»,- ասել էր Կարապետյանը։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում