Միացյալ Նահանգներ

ՀՀ վարչապետն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ Քեյնին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ Քեյնին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ Քեյնին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Քեյնի այցը Հայաստան և կարևորել Սպիտակ տան հավատքի հարցերով զբաղվող գրասենյակի հետ ձևավորված երկխոսությունը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Փոլա Ուայթ Քեյնի մասնակցությունն առաջիկա օրերին անցկացվելիք Հայաստանի Աղոթքի նախաճաշ երկրորդ միջոցառմանը։ Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ այս միջոցառումը տարբեր երկրների մասնակիցների միջև անկեղծ քննարկումների հարթակ կստեղծի։

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, հայ հոգևոր առաջնորդների և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի միջև վերջերս կայացած հանդիպումը, ինչը ևս մեկ առիթ էր՝ ընդգծելու Հայաստան-Միացյալ Նահանգներ գործընկերությունը, ընդհանուր քրիստոնեական ժառանգությունն ու կիսվող արժեքները։

Փոլա Ուայթ Քեյնը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և Հայաստանի Աղոթքի նախաճաշ միջոցառմանը հրավիրելու համար։ Տիկին Քեյնը նշել է, որ շահագրգիռ են սերտորեն համագործակցել ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ  ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդների հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Աղոթքի նախաճաշ երկրորդ միջոցառման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում