Տնտեսություն

Մոդուլային ատոմակայանը կարող է չբավականացնել Հայաստանի կարիքներին. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Մոդուլային ատոմակայանը կարող է չբավականացնել Հայաստանի կարիքներին. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմակայանի կառուցման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետը հայտարարեց՝ նախատեսվող մոդուլային ատոմակայանը կարող է չբավականացնել առկա կարիքներին:

«Փաստն այն է, որ 1 տարի 4 ամիս առաջ Հայաստանն էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող պետություն էր, և մենք պետք է մտածեինք՝ մեր էներգիան որտեղ սպառեինք։ 1 տարի անց Հայաստանը դարձել է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող պետություն: Այն, որ ստեղծվել է երկու ԱԲ գործարան, դա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ արդեն հաստատված ներդրումային ծրագրերն այն ծավալի են, որ Հայաստանն արդեն ունի էլեկտրաէներգիայի դեֆիցիտ։ Այսինքն՝ մեր ամբողջ ավելցուկը ներդրումային ծրագրերն ամբողջությամբ սպառում են, և, հետևաբար, մենք պետք է մտածենք՝ ինչ անենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ անհրաժեշտություն է առաջացել մտածել էլեկտրաէներգիայի ներկրման հնարավորությունների և մեր աղբյուրների գեներացման մասին։

«Նախկինում տասնյակ անգամ ասել եմ, որ մեզ մոդուլային ատոմակայանից ավելի ոչինչ պետք չէ։ Աա է եղել մեր դիրքորոշումը։ Բայց հիմա, այս փոփոխության բերումով, մենք պիտի հասկանանք, որ մոդուլայինը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու»,- նշեց վարչապետը:

Հայաստանն արդեն իսկ հայտարարել է, որ աշխատանքներ է իրականացնում Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ, իսկ մինչ այդ քայլեր կձեռնարկվեն նոր ատոմակայան կառուցելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում