Կանադայի և Հնդկաստանի ղեկավարները համաձայնել են հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել
2 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Ղեկավարները համաձայնության են եկել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետ Քարնին և վարչապետ Մոդին վերահաստատել են Կանադա-Հնդկաստան հարաբերությունների կարևորությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, օրենքի գերակայության և ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ հավատարմության վրա», - նշվում է փաստաթղթում:
Այդ առնչությամբ վարչապետները համաձայնել են նոր դեսպաններ նշանակել Օտտավայում և Նյու Դելիում: Կողմերը նաև քննարկել են տեխնոլոգիաների, թվային անցման, սննդային անվտանգության և կարևոր հանքանյութերի ոլորտում փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունները։
Հունիսի 17-ին կայացած ճեպազրույցի ընթացքում Քարնին չի պատասխանել այն հարցին՝ արդյոք Մոդիի հետ զրույցի ընթացքում քննարկվել է Կանադայի սիկհ համայնքի առաջնորդ Հարդիպ Սինգհ Նիջարի սպանությունը, որից հետո երկու երկրների հարաբերությունները սրվել էին:
Հնդկաստանի և Կանադայի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ 2023 թվականի սեպտեմբերին սկսված դիվանագիտական վեճից հետո, երբ Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն Հնդկաստանի կառավարությանը մեղադրեց Նիջարի սպանությանը մասնակցության մեջ: Այդ միջադեպը հանգեցրեց դիվանագետների փոխադարձ արտաքսման և սաստկացրեց երկու երկրների միջև հարաբերությունների ճգնաժամը:
2024 թվականի հունիսին Մոդին և Թրյուդոն կարճատև հանդիպում են ունեցել Իտալիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում, որի ընթացքում պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատելու խնդիրները լուծելու համար: Սակայն հարաբերությունների կարգավորման կոնկրետ քայլեր չեն արվել: