Մեր կարմիր գծերը հստակ են, և ապացուցել ենք, որ երբեք չենք շեղվի որդեգրած ուղուց․ Մեհդի Սոբհանի
2 րոպեի ընթերցում

Իրանական կողմը չունի տեղեկություններ կամ փաստեր այն մասին, որ Ադրբեջանն օգտվելով Իրան-Իսրայել հակամարտությունից՝ կարող է ագրեսիա իրականացնել Հայաստանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Հայաստանում Իրանի դեսպանատանը կազմակերպված ասուլիսում հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք՝ դիվանագետներս, գնահատականներ չենք տալիս լրատվամիջոցների կողմից շրջանառվող լուրերին, մեզ համար կարևոր են պետությունների դիրքորոշումները։ Մենք շարունակաբար հետևում ենք իրադարձություններին, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում, խորհրդակցում ենք և կապ հաստատում տարածաշրջանի երկրների հետ՝ ներկայացնելով մեր մտահոգությունները։ Մեր կարմիր գծերը հստակ են, և ապացուցել ենք, որ երբեք չենք շեղվի որդեգրած ուղուց»,- ասաց Հայաստանում Իրանի դեսպանը։
Սոբհանիի դիտարկմամբ՝ մենք ապրում ենք հավանականությունների աշխարհում, և որոշ հավանականություններ կարող են մտահոգիչ լինել, սակայն դիվանագետներն ու պետական այրերը հիմնվում են փաստերի վրա։ Դիվանագետն ընդգծեց, որ Ադրբեջանը նույնպես իր դիրքորոշումն է արտահայտել վերջին զարգացումների վերաբերյալ և հավելեց, որ Հարավային Կովկասի երկրները չեն ցանկանում իրավիճակի էսկալացիա, որովհետև խաղաղությունը բխում է բոլորի շահերից։
«Մենք պահպանում ենք մեր զգոնությունը։ Հայաստանի կառավարությունը նույնպես հետևում է զարգացումներին։ Մենք շատ սերտ կապեր ունենք Հայաստանի կառավարության հետ և անընդհատ խորհրդակցություններ ենք անցկացնում։ Կարող եմ վստահաբար ասել, որ այսօր երկրների ցուցաբերած վարքագիծը հետագայում կազդի մեր և նրանց հարաբերությունների վրա։ Բարեկամին և թշնամուն ճանաչում են բարդ և ծանր իրավիճակներում»,- ասաց Սոբհանին։