Մշակույթ

Գորգագործությունը՝ հայկական ինքնության դրսևորում. ԳԱԱ-ում ներկայացվեց «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գիրքը

9 րոպեի ընթերցում

Գորգագործությունը՝ հայկական ինքնության դրսևորում. ԳԱԱ-ում ներկայացվեց «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գիրքը

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի հանդիսավոր շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է Հայոց ազգագրության թանգարանի նախաձեռնությամբ և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի մասնակցությամբ ու աջակցությամբ։ Գիրքը հստակ արձանագրում է՝ հայկական գորգագործության հազարամյակների պատմությունն ու փաստում, որ ոչ ոք չի կարող յուրացնել կամ խեղաթյուրել դրանց հայկականությունը։     

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքում ներկայացված են պատմական Հայաստանի բոլոր նահանգների գորգագործական կենտրոններում հազարամյակների ընթացքում ձևավորված հայոց գորգարվեստի ավանդույթները, ինչպես նաև հայկական գաղթօջախներում ստեղծված գորգեր։  

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի աշխատակից Գոռ Մարգարյանը նշեց, որ գորգագործությունը, որի պատմական հետքը հայոց մեջ դիտարկվում է վաղ անցյալից և փաստագրված ու նկարագրված է թե՛ միջնադարի պատկերագրության, և թե՛ արձանագիր աղբյուրներում ու պատմական սկզբնաղբյուրներում, ունի հարուստ պատմություն և ժառանգություն։ 

«Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդես

«Սա, իհարկե, նորույթ չէ մեզանում, և այն, որ հայկական գորգերն աչքի էին ընկնում իրենց որակական և արտաքին գեղագիտական առանձնահատկություններով, վկայում էին դեռևս արաբ պատմիչները, մինչև ուշ միջնադարի և նոր ժամանակների եվրոպական, ռուսական ու այլ օտար աղբյուրները։ Սա ևս նորույթ չէ մեզ համար։ Հայ գորգագործական ավանդույթի հետքը մենք տեսնում ենք միջնադարյան պատկերագրական և արձանագիր վկայություններում, գրավոր աղբյուրներում, սակայն միայն այն, որ այս ամենը մեզ ծանոթ է, ինքնին դեռ բավարար չէ, բավարար չէ միայն իմանալը կամ դրանում համոզված լինելը»,-ասաց Մարգարյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ ժամանակն է այդ գիտակցությունը վերածելու գործողության, հատկապես այն պայմաններում, երբ հայկական գորգագործության բազմադարյա ժառանգությունը պարբերաբար դառնում է աղավաղման և յուրացման թիրախ։  

«Այն հանգամանքը, որ հայկական գորգագործությունն ունի փաստագրված ավանդույթ, ցավալիորեն, որևէ կերպ չի խոչընդոտել և չի խանգարում որոշ հետազոտողների, որ փորձեն հայկականը ներկայացնել սեփական յուրացման տեսանկյունից․ օրինակ` ադրբեջանցի հետազոտող Թելման Իբրահիմովը տարիներ շարունակ փորձում է Արցախի գորգերը ներկայացնել որպես ադրբեջանական՝ այս ուղղությամբ բազմաթիվ հրապարակումներ անելով անգլերենով, ռուսերենով և այլ լեզուներով։ Դրա հետ մեկտեղ շրջանառվում են պատմաքաղաքական հորինվածքներ, թե իբր քոչվոր թուրքական ցեղերը, որոնք ունեին բազմահազար ոչխարների հոտեր, ըստ այդմ՝ ունեին մեծ բրդի պաշարներ, ուրեմն հենց իրենց մոտ էր զարգացած գորգագործական ավանդույթը։ Սա առաջին հայացքից թվում է ծիծաղելի, հատկապես այն պայմաններում, երբ 16-րդ, 17-րդ դարերում ոչխարաբուծությամբ ամենահայտնի երկրներից մեկը՝ Անգլիան, երբևիցե բրդյա որևէ գործվածք անգլիական չէր համարում և չէր հայտարարում ու չէր յուրացնում։ Այսուհանդերձ, սա չի խանգարում մեր հարևաններին յուրացման նմանօրինակ փորձեր անել՝ հիմնվելով նման հորինվածքների վրա։ Անհնար է չփաստել, որ գորգագործությունն ուղղակի նյութական հնարավորությունների արդյունք չէ, այլ՝ մշակութային ինքնության, ավանդույթի, պատկերային և խորհրդանշական համակարգի դրսևորում»,-իր խոսքում ընդգծեց Գոռ Մարգարյանը։ 

Վերջինս նաև պատահական չհամարեց այն հանգամանքը, որ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը մեծ պատրաստակամությամբ է արձագանքել Հայոց ազգագրության թանգարանի իր գործընկերների այս նախաձեռնությանը՝ օժանդակելով թե՛ թարգմանական, թե՛ խմբագրական, թե՛ հանրայնացման աշխատանքներին։  

«Կարևոր է արձանագրել, որ նման բնույթի հրապարակումները կենսական նշանակություն ունեն, և դրանք ոչ միայն ճանաչելի են դարձնում հայկականը բազմալեզու լսարանի համար՝ այս դեպքում թուրքերենով, ռուսերենով, անգլերենով, այլև թույլ են տալիս հստակ տարբերակելով և արձանագրելով դրա հայկականությունը՝ տուրք չտալ աղավաղումների և յուրացումների օտար փորձերին»,-շեշտեց Գոռ Մարգարյանը։  

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն և «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի համահեղինակ Կարեն Փահլևանյանը, ներկայացնելով այն, թե ինչ է ամփոփված գրքում, նշեց, որ այն իր տեսակով աննախադեպ աշխատանք է, քանի որ նրանում ներկայացված է ոչ միայն հայոց ինքնության արտահայտությունը՝ հյուսվածքների, գույների պատկերազարդման համակարգի միջոցով։  

«Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդես

«Գրքում ներկայացված է նաև այն ծանր աշխատանքը, որը 47 տարի շարունակ թանգարանի գիտաշխատողները մաս-մաս հավաքել են Հայաստան աշխարհի ամենատարբեր հատվածներից։ Թանգարանի բավական մեծ ներկայանալի հավաքածուից, որի թիվը 2200 է, ընտրված են 700 գորգեր և այս աշխատանքում ներկայացված են այդ 700 գորգերն՝ ըստ խմբերի, աշխարհագրության, պատկերազարդման համակարգերի, ժամանակագրության, տեխնիկական առանձնահատկությունների»,-մանրամասնեց Փահլևանյանը։ 

Նրա բնորոշմամբ՝ գրքի ասելիքը շատ մեծ է, և պատահական չէ, որ գիրքը քառալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն և թուրքերեն։ 

«Գրքում ներկայացված գորգերն ու դրանց պատմությունն ամենևին նպատակ չունի չժխտելու մեր հարևանների մոտ գորգագործական մշակույթի առկայությունը։ Մենք փորձելու ենք նաև այս աշխատանքով ցույց տալ այն տարբերակիչ գիծը, որով առանձնանում են հայկական պատմական գորգերը։ Սա նաև հանրահռչակման յուրահատուկ գործիք է և պահանջված աշխատանք է, որովհետև, Հայաստան աշխարհ ասելիս, մենք նկատի ունենք նաև ամբողջ հայությանը, որն այսօր, ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունում չէ։ Ասեմ, որ մենք արդեն իսկ ունենք գրքի նախնական պահանջարկի հայտագրումներ, և որոշակի խմբաքանակ հենց հանրահռչակման նպատակով կբաժանվի աշխարհի տարբեր ծայրերում»,-հայտնեց գրքի համահեղինակը։

Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ և գրքի համահեղինակ Սվետլանա Պողոսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպես է նախաձեռնվել գրքի ստեղծումը, և ինչ կարևոր ասելիք ունի գիրքը, նկատեց, որ Հայոց ազգագրության թանգարանում պահպանվում է գորգերի ամենամեծ հավաքածուն, և դա պատահական չէ, քանի որ դեռևս 1980-ական թվականներին նախատեսված է եղել ստեղծել գորգերի, գեղարվեստական գործվածքի թանգարան, և այդ նպատակով էլ թանգարանը բավականաչափ ներկայացուցչական հավաքածու ունի։ 

«Գորգը շարունակում է մնալ ազգային ինքնության կարևորագույն դրսևորումներից մեկը, և մենք ցանկացանք, որ հնարավորինս լայն լսարան կարողանա ծանոթանալ ու հասկանալ` ինչ տարբերակվածություն կա հայկական և այլ գորգերի միջև»,-ասաց Սվետլանա Պողոսյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ գիրքը կարող է հիմք դառնալ, որպեսզի այցելուները շահագրգռվեն տեսնել նաև դրանում ներկայացված գորգերի իրական, շոշափելի տեսքը։ 

«Ի դեպ, մի հրաշալի փորձառություն ունեցանք անցած տարի սեպտեմբեր 13-ին․ մեր թանգարանի բացման օրը մենք վիրտուալ և իրական ճամփորդություն կազմակերպեցինք հայկական գորգի աշխարհում՝ ներկայացնելով հարյուրավոր գորգեր։ Այս տարի ևս այդ հնարավորությունը կտանք այցելուին, որպեսզի իսկապես հնարավորություն ունենա իր աչքով տեսնել ու զգալ հայկական գորգարվեստի ամբողջ հմայքը»,-եզրափակեց Սվետլանա Պողոսյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում