ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարին

1 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 16-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները: Նա հատուկ շեշտել է անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի, իրավապահ մարմինների կողմից կիրառվող ուժի համաչափության, նրանց համար կազմակերպվող վերապատրաստումների, քրեակատարողական համակարգում բարեփոխումների կարևորությունը: 

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնք զգալի ներդրում ունեն ժողովրդավարական արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական միջավայրի զարգացման գործում։

Զաքարի Բարթերը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկման համար։ 

Զրուցակիցները նախանշել են համագործակցության հետագա ուղղություններ։

Հայերեն