Իրավունք

Հայաստանի գլխավոր դատախազը Նիդեռլանդների դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

4 րոպեի ընթերցում

Հայաստանի գլխավոր դատախազը Նիդեռլանդների դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Հայաստան Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և բարձր գնահատել դեսպանության աջակցությամբ իրականացված վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը:

Դատախազությունից հիշեցնում են, որ Գլխավոր դատախազությունը, Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, 2024 թվականի նոյեմբերի 16-ին մեկնարկել էր Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացների երկրորդ փուլը՝ «Հաղորդակցություն դատարանի դահլիճում. կոնֆլիկտների և սթրեսի կառավարում» թեմայով (դասընթացի առաջին փուլը տեղի էր ունեցել 2023 թվականի նոյեմբերից 2024 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում՝ «Դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացում» թեմայով): 13 շաբաթ տևողությամբ երկօրյա դասընթացներին մասնակցել է շուրջ 380 դատախազ, դասավանդման և ուսումնառության մեթոդները՝ դասախոսություններ, գործնական վարժություններ, դասընթացավարները՝ SPRING PR ընկերության համահիմնադիր, ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյան և Big mind ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Հակոբ Մակդիս։

Հանրապետության գլխավոր դատախազը կարևորել է նաև շուրջ 50 դատախազների համար Դեսպանության աջակցությամբ կազմակերպված՝ «Ընտանեկան բռնության կանխարգելում, քրեական հետապնդում և դատաիրավական արձագանքի արդիական ուղղություններ» թեմայով երկօրյա վերապատրաստումը:

Աննա Վարդապետյանն ընդգծել է ոչ ֆորմալ կրթության կարևորությունն ու այդ համատեքստում նշել, որ առաջիկա օրերին Գլխավոր դատախազության վարչական շենքում պաշտոնապես կբացվի Երևանի պետական համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումը՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան, որտեղ նախատեսվում է դատախազների, դատախազների թեկնածուների, սփյուռքում գործունեություն ծավալող հայազգի իրավաբանների և Լաբորատորիայի շահառուների մասնակցությամբ կազմակերպել իրավական արդի հարցերի քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ ու գիտաժողովներ, իրականացնել իրավական խնդիրների հետազոտություններ: 

Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ձևավորված արդյունավետ համագործակցության համար և վերահաստատել կրթական մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: 

Հանդիպման ավարտին ՀՀ գլխավոր դատախազը և ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը վկայականներ են շնորհել «Ընտանեկան բռնության կանխարգելում, քրեական հետապնդում և դատաիրավական արձագանքի արդիական ուղղություններ» թեմայով վերապատրաստման դասընթացի մասնակիցներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում