Քաղաքականություն

Իրանը պատրաստ Է միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու մասին համաձայնության. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստ Է միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու մասին համաձայնության. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրը չի ցանկանում, որպեսզի պատերազմը տարածվի, եթե այն իրենց չպարտադրվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Mehr-ը, այս մասին Աբբաս Արաղչին հայտարարել է Թեհրանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը:

«Մենք սկզբունքորեն չէինք ուզում այս պատերազմը: Մենք դիվանագիտությամբ էինք զբաղվում մեր միջուկային ծրագրի վերաբերյալ, բայց մեզ պարտադրեցին այս ագրեսիան: Մենք պաշտպանում ենք ինքներս մեզ, ինչը լիովին օրինական է»,- ասել է Արաղչին՝ հավելելով, որ եթե Իսրայելը դադարեցնի ագրեսիան, ապա Իրանը նույնպես կդադարեցնի համապատասխան արձագանքները: 

Արտգործնախարարի խոսքով՝  Իրանը  պատրաստ է ցանկացած համաձայնության, որն ուղղված է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելուն: 

«Իհարկե, եթե համաձայնագրի նպատակն Իրանին միջուկային իրավունքներից զրկելն է, ապա բնական է, որ մենք պատրաստ չենք նման համաձայնագրի, և այդ տրամաբանությամբ մենք բանակցությունների մեջ մտանք Միացյալ Նահանգների հետ ու անցկացրեցինք բանակցությունների հինգ փուլ, իսկ վեցերորդ փուլում մենք պետք է ամերիկյան կողմին ներկայացնեինք հնարավոր համաձայնագրի մեր ծրագիրը»,- նշել է Արաղչին՝ համոզմունք հայտնելով, որ իրանական կողմից  առաջարկը կարող է ճանապարհ բացել համաձայնագրի համար:

Այդուհանդերձ, ըստ Իրանի արտգործնախարարի, միանգամայն ակնհայտ է, որ Իսրայելը միջուկային խնդրի վերաբերյալ չի ցանկանում որևէ համաձայնագիր, իսկ ընթացիկ բանակցությունների կեսին նրա հարձակումը ցույց է տալիս նրա հակազդեցությունը դրանց: 

Արաղչին հույս է հայտնել, որ  միջազգային հանրությունը բավարար ուշադրություն կդարձնի այս հարցին և կդատապարտի Իսրայելի գործողությունները, ինչը, նրա խոսքով, տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու լավագույն միջոցն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում