Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկեց Gyumri Game Conference-ը
4 րոպեի ընթերցում

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում հունիսի 15-ին մեկնարկեց Gyumri Game Conference-ը։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, միջոցառումը կազմակերպվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից։ Երիտասարդական տեխնոիրադարձությունն այս անգամ կյանքի է կոչվում նոր՝ Youth Edition ձևաչափով՝ «Gamechangers: Next Level» և «CyberNinja Camp» կրթական ծրագրերի մասնակից երիտասարդների ներգրավմամբ։
Միջոցառման ընթացքում հանդես եկան խաղային արդյունաբերության ոլորտի փորձագետներ և մասնագետներ։ Ներկայացվեց նաև «Gamechangers: Next Level» և «CyberNinja Camp» կրթական ծրագրերի եզրափակիչ փուլը. Համաժողովի ընթացքում ծրագրերին մասնակցած ավելի քան 200 երիտասարդ կստանան ավարտական հավաստագրեր և կներկայացնեն իրենց թիմային նախագծերը՝ հեղինակած տեսախաղերի և կիբեռանվտանգության թեմայով կոմիքսների տեսքով։
«Այս տարի, բացի խաղերի ստեղծումից, մասնակիցները ուսումնասիրել են նաև կիբեռանվտանգության հիմունքները։ Կրթական ծրագիրը ներառում է թե՛ տեխնիկական, թե՛ փափուկ հմտությունների ուսուցում։ Մասնակիցները ձեռք են բերել հիմնարար գիտելիքներ խաղային ծրագրավորման ոլորտում, կազմել թիմեր և ստեղծել իրենց հեղինակային խաղերը՝ որպես ավարտական նախագծեր։ Ծրագրի առաջին փուլի ընթացքում շուրջ 200 երիտասարդ ստացել է խորը գիտելիք կիբեռանվտանգության ոլորտում։ Երկրորդ փուլը՝ CyberNinja Camp-ը, ներառում էր վեբինարների շարք, որին մասնակցել է ավելի քան 140 երիտասարդ։ Լավագույն մասնակիցները շարունակել են կապը ծրագրի հետ՝ կիսվելով իրենց գիտելիքներով Հայաստանի տարբեր մարզերից՝ Շիրակից, Սյունիքից, Լոռուց և Տավուշից շուրջ 400 երիտասարդի հետ։ Ի տարբերություն անցած տարվա, այս տարի մասնակցությունը բաց էր թե՛ աղջիկների, թե՛ տղաների համար։ Բացի այդ, ընդլայնվել է նաև մասնակիցների աշխարհագրությունը․ եթե նախորդ տարի ներկայացուցիչներ կային հիմնականում Շիրակից, Լոռուց և Սյունիքից, ապա այս տարի ընդգրկված են Հայաստանի բոլոր մարզերը։ Սա դառնում է շատ հետաքրքիր միջմարզային համագործակցության օրինակ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը՝ հավելելով, որ այս տարի խաղերի ստեղծման հիմնական թեմաները կլիմայական փոփոխություններն ու կայունությունն էին։
Դիանա Արզումանյանը Վանաձորից է, 15 տարեկան։ Ընկերների հետ համատեղ զարգացրել է «Կրակ և ջուր» խաղը, որտեղ խաղային խոչընդոտների և առաջադրանքների միջոցով ներկայացված են կլիմայական խնդիրներ։ Թիմն արդեն ունի մեկ խաղային հերոս, սակայն մշակվում է նոր հերոսների նախագիծ։ Խաղերի ստեղծումը Դիանային օգնում է իր ապագա մասնագիտության ընտրության հարցում․ ցանկանում է դառնալ ծրագրավորող, սակայն ընդգծում է՝ վիրտուալ աշխարհը երբեք չի փոխարինի իրական կյանքը և բակային խաղերը։
Կոնֆերանսի ընթացքում լավագույն նախագծերը կպարգևատրվեն։