Մշակույթ

Միջազգային համագործակցությունը մշակույթի ոլորտում ընդգրկուն է և միտված է մեր կարողությունների զարգացմանը. ԿԳՄՍ փոխնախարար

8 րոպեի ընթերցում

Միջազգային համագործակցությունը մշակույթի ոլորտում ընդգրկուն է և միտված է մեր կարողությունների զարգացմանը. ԿԳՄՍ փոխնախարար

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունը համատեղ անցկացրեցին «Մշակույթի հարցերով քաղաքականության շուրջ» խորագրով աշխատաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն աշխատաժողովում ներկայացրեց 2023-27 թվականների համար նախատեսված Մշակույթի ազգային ռազմավարության հիմնական դրույթները, ինչպես նաև կատարված ու կատարվելիք գործողությունների պլանը։   

«Մեր չորս հիմնական նպատակներն են մշակութային ժառանգության փոխանցումը սերունդներին, ստեղծարար ոլորտների արդիականացումը, մշակույթի մատչելիությունն ու ներառականությունը, ինչպես նաև միջազգային համագործակցությունը։ Ընդ որում մշակութային ժառանգության հինգ հիմնական ուղղություններն են պատմության և մշակույթի հուշարձանները, թանգարանները, գրադարանները, ոչ նյութական մշակութային ժառանգությունը և մշակութային արժեքների արտահանումն ու ներմուծումը»,- մանրամասնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։ 

Քոչարյանը հավելեց, որ նորմալ և առողջ մթնոլորտում գործելու համար պետք է ապահովվեն համապատասխան իրավական փաստաթղթերը, ուստի այդ առումով 2024 թվականին ընդունվեց թանգարանների ոլորտը կարգավորող օրենքը, ինչպես նաև հնարավոր դարձավ լավարկել գրադարանների մասին օրենքը, որի շնորհիվ այդ հաստատությունները կարող են արդեն զբաղվել ձեռնարկատիրությամբ։

«Ամենահետաքրքիր նորությունը մշակութային աճուրդների կազմակերպմանն ուղղված օրենքի նախագիծն է, որն այս պահի դրությամբ արդեն առաջին ընթերցմամբ հաստատվել է ԱԺ-ում։ Սա լավ հնարավորություն է համագործակցելու մշակութային ոլորտի միջազգային գործընկերների հետ, քանի որ սա նոր պրոդուկտ է Հայաստանի համար, թեև շատ վաղուց գոյություն ունի ԵՄ անդամ երկրներում և Մեծ Բրիտանիայում։ Մենք ձգտում ենք գտնել փորձի փոխանակման հնարավորություններ, ինչպես նաև պատրաստ ենք Հայաստան բերել հանրահայտ աճուրդի տներից որևէ մեկը։ Այդ առթիվ բանակցում ենք ֆրանսիական աճուրդի տներից մեկի հետ, բայց եթե լինեն այլ առաջարկներ, սիրով կդիտարկենք»,- ասաց փոխնախարարը։ 

Անդրադառնալով հուշարձանների ոլորտին՝ նա ընդգծեց, որ 2012 թվականին վերականգնման փուլում էին գտնվում յոթ հուշարձաններ, բայց այսօր դրանց թիվն արդեն 20 է, իսկ բյուջեն ավելացել է ավելի քան տասն անգամ։ 2025 թվականի համար պետբյուջեով նախատեսված է 1,7 միլիարդ դրամ՝ նշված հուշարձանները վերականգնելու, ինչպես նաև գիտանախագծային փաստաթղթեր կազմելու համար։ Հուշարձանների վերականգնման աշխատանքներում ներգրավված են նաև արտասահմանցի գործընկերները։ Օրինակ՝ Գառնո տաճարի խճանկարը վերականգնում են իտալացի մասնագետները։ Ֆրանսիացիների հետ նույնպես իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։

«Մեզ համար կարևոր է նաև ենթակառուցվածքների արդիականացումը։ Արդեն ունենք մոդուլային կենտրոններ, որոնք եկել են փոխարինելու որոշ հուշարձաններում ընդհանրապես գոյություն չունեցող կառույցներին։ Այդտեղ կլինեն ինչպես սպասարկող անձնակազմեր, այնպես էլ հուշանվերների խանութներ։ Օրինակ՝ այդպիսի կենտրոն շուտով կբացվի Լոռվա բերդում, ևս չորսը շուտով կսկսեն գործել այլ վայրերում։ Սա նույնպես լավ համագործակցության հարթակ է ԵՄ գործընկերների հետ, քանի որ ՀՀ-ում կա ավելի քան 24 հազար հուշարձան»,- նշեց Քոչարյանը։

Նրա տեղեկացմամբ՝ 2024 թվականին Հայաստանն ունեցել է 1,2 միլիոնից ավելի այցելու, իսկ ընթացիկ տարվա թանգարանային գիշերվա ընթացքում գրանցվել է այցելուների աճ 55 տոկոսով (ավելի քան 200 հազար մարդ մեկ օրում)։ Փոխնախարարի հավաստմամբ՝ աճում են նաև թանգարանների եկամուտները, ինչն իրականում շատ կարևոր է, քանի որ թանգարանները նույնպես պետք է ունենան հնարավորություն՝ հավելյալ ծառայություններ առաջարկելու և ստացված հասույթով իրենց ենթակառուցվածքները բարեկարգելու և աշխատավարձերի ֆոնդն ընդլայնելու համար։  

«Զբաղվում ենք նաև նոր թանգարանների ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներով։ Այս պահին Երևանի քաղաքապետարանի հետ ընթանում է Մարկոս Գրիգորյանի թանգարանի ստեղծումը, որի բացումը կլինի շուտով։ Ունենք մշակութային ռազմավարությամբ նախատեսված գորգերի թանգարանի ստեղծում, ինչի առթիվ պատրաստ ենք համագործակցել շահագրգիռ կողմերի հետ։ Այստեղ կարող են գործել ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ պետություն-մասնավոր սեկտոր ձևաչափերը։ Շատ կարևոր նախաձեռնություն էր Մշակույթի զարգացման հիմնադրամի կազմավորումը, որը մեկնարկեց 2023 թվականին, իսկ ընթացիկ տարվանից արդեն կարող է համարվել կայացած հաստատություն, քանզի մեկտեղում է բազմաթիվ, այդ թվում մարքետինգային գործառույթներ, իսկ այս տարվանից կսկսի իրականացնել նաև միասնական հաշվարկներ, գնումներ և վարչատնտեսական գործառույթներ»,-տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։ 

Քոչարյանը շեշտեց, որ նշված հիմնադրամի ստեղծման գործում ուսումնասիրվել է եվրոպական նմանատիպ կառույցների փորձը, և այս պահին էլ աշխատանքները լավարկելու կարիք կա։ Իսկ ինչ վերաբերում է թանգարանների միջազգային համագործակցությանը, ապա փոխնախարարը հիշեցրեց, որ անցյալ տարի իրականացվեց Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրությունը պատմության թանգարանում, որտեղ այցելեց շուրջ 55 հազար մարդ։ 

«Երբ միջազգային թանգարանների հետ քննարկում ենք կարևոր հարցեր, միշտ առանցքային են պահպանման, անվտանգության, օդախոնավության համակարգերի աշխատանքի հետ կապված խնդիրները։ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությունից հետո իրավիճակը շահեկանորեն փոխվել է։ Շուտով կունենանք Դրենցի թանգարանի նմուշների ցուցադրություն, իսկ սեպտեմբերի Լուվրի հետ կիրականացնենք համատեղ ցուցադրություն։ Արդեն իսկ ունենք նախնական բազմաթիվ պայմանավորվածություններ, որոնք հարստացնելու են մեր մայրաքաղաքի ու երկրի մշակութային կյանքը»,- ասաց փոխնախարարը։

Նրա պնդմամբ՝ ոչ նյութական ժառանգությունը նույնպես ԿԳՄՍ հիմնական ոլորտներից է, և այդ ուղղությամբ իրականացվում են բավականին լուրջ աշխատանքներ։ Հայկական կողմն ամբողջ աշխարհում մասնակցում է բազմաթիվ ցուցահանդեսների, ամանորյա տոնավաճառների և բաց է համագործակցության համար նաև այս ասպարեզում։ 

«Ունենք հետաքրքիր ևս մեկ առաջարկ, որը վերաբերվում է թվայնացված ձեռագործ պորտալ ունենալուն։ Ծրագիրը ստեղծման փուլում է, և այս հարցում նույնպես բաց ենք համագործակցության համար։ Մեր միջազգային հարաբերությունների օրակարգը բավականին ընդգրկուն է և համագործակցությունն ուղղված է մեր կարողությունների զարգացմանը։ Մասնավորապես ֆրանսիական կողմը հատկացնում է զգալի միջոցներ՝ մեր մասնագետների համար վարժընթացներ կազմակերպելու նպատակով։ Մյուս տարի «Եվրոպական ուղիներ» գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում, ուստի այդ առթիվ ակնկալում ենք մոտ 400 պատվիրակների այց աշխարհի բազմաթիվ երկրներից»,- եզրափակեց Քոչարյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում