Մշակույթ

Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

2 րոպեի ընթերցում

Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Խաչվերացի տոնի առթիվ Բելգիայի Լիեժ քաղաքի Սեն-Ժիլ եկեղեցու բակում տեղի է ունեցել հայկական խաչքարի տեղադրման և օծման արարողություն։ Խաչքարը նվիրված է հայազգի անմեղ զոհերի հիշատակին։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ խաչքարի օծման և օրհնության կարգը կատարել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Արարողությանը մասնակցել է նաև Լիեժի և շրջակայքի Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա աբեղա Պեսքիսիզյանը։

Միջոցառմանը ներկա են եղել Լիեժի հոգևոր առաջնորդ Ժան-Պիեռ Դելվիլը, Սեն-Ժիլ եկեղեցու ներկայացուցիչներն ու աշխատակիցները, Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, ինչպես նաև հայ և բելգիացի հյուրեր։

Իր ելույթում Խաժակ Սրբազանն անդրադարձել է խաչքարի խորհրդին և հայ զոհերի հիշատակի կարևորությանը՝ նշելով, որ խաչքարն իր խորհրդով պատգամում է հայերին՝ որտեղ էլ նրանք գտնվեն, հավատարիմ մնալ իրենց արմատներին։

Խաչքարի տեղադրման նախաձեռնության հեղինակն ու հովանավորը Մուշեղ Մուշեղյանն է՝ Մշեցի գաղթյալների հետնորդ։ Իր ելույթում նա անդրադարձել է նախաձեռնության անձնական և ազգային նշանակությանը։

«Ուզում եմ, որ այս խաչքարը լինի ոչ միայն անցյալի ցավերի հիշատակի վայր, այլև խաղաղ ապագայի համար աղոթատեղի»,-ասել է Մուշեղ Մուշեղյանը։

Նրա խոսքով՝ Լիեժում կանգնեցված խաչքարը պետք է հիշողության պահպանման վայր լինելուց զատ դառնա նաև խաղաղ ապագայի խորհրդանիշ։ Նախաձեռնությունը միավորում է պատմական հիշողությունն ու ապագայի նկատմամբ հավատը՝ ընդգծելով սերունդների միջև ազգային հիշողության փոխանցման կարևորությունը։

Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև մշակութային ծրագիր՝ հայկական ազգային երաժշտության և պարի մասնակցությամբ։ Հնչել են դուդուկի, քանոնի և թառի կատարումներ, իսկ հայկական ազգային պարերը ներկայացվել են ներկա հայ և բելգիացի հյուրերին։

Մշակութային ծրագիրը ևս մեկ առիթ է եղել ներկայացնելու և նոր սերունդներին փոխանցելու հայկական ազգային ժառանգությունը՝ հիշատակի արարողության խորհրդին զուգահեռ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում