Մշակույթ

Մատենադարանին չի հաջողվել ձեռք բերել Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութի հավաքածուն

3 րոպեի ընթերցում

Մատենադարանին չի հաջողվել ձեռք բերել Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութի հավաքածուն

Փարիզում հունիսի 12-ին կայանալիք աճուրդում վաճառքի կհանվի Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութի լեգենդար հավաքածուն, որը ներառում է տարբեր ժամանակաշրջանների մի քանի տասնյակ ուշագրավ ձեռագրեր և գրքեր: 

Դրանք ձեռք բերելու պատրաստակամություն է հայտնել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրինությունը, սակայն այդ ուղղությամբ գործադրված ջանքերը հաջողությամբ չեն պսակվել:

Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Մատենադարանի հանրային կապերի բաժնի ղեկավար Էմմա Հոռոփյանը:

Նա տեղեկացրեց, որ Մատենադարանի ղեկավարությունը տևական ժամանակ փորձել է կապ հաստատել համապատասխան մարդկանց հետ՝ քննարկելու վաճառքի ներկայացված ձեռագրերն ու գրքերը աճուրդից հանելու և ուղղակի գնում կազմակերպելու հնարավորությունը: Սակայն նման գործարք չի հաջողվել իրականացնել՝ կապված աճուրդի կազմակերպման կարգի առանձնահատկություններով:

«Կայքում այս պահին նշված են մեկնարկային գները, որոնցով ուղղակի վաճառքը իրավասու անձինք համարել են անընդունելի՝ ակնկալելով, որ աճուրդի ընթացքում գները մի քանի անգամ կաճեն: Կա ևս մեկ խնդիր. թե՛ Հայաստանից, թե՛ Հայաստանից դուրս աճուրդին գրանցվելը բավականին շատ տեխնիկական խնդիրներ է առաջացրել: Մատենադարանի տնօրինությունը նույնիսկ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության միջոցով է փորձել գրանցվել այդ աճուրդին: Նման փորձ են ձեռնարկել նաև Մատենադարանին մոտ կանգնած բազմաթիվ աղբյուրներ, որոնցից տեղեկություն ունենք, բայց նույնպես բախվել են բավականին լուրջ տեխնիկական խնդիրների: Այդուհանդերձ, Մատենադարանի ղեկավարությունը լուրջ աշխատանքներ է իրականացնում (հատկապես մասնավոր հատվածի հետ), որպեսզի հնարավորություն ունենա ձեռք բերել հայկական բոլոր ձեռագրերը, քանի որ մատյանները հայրենիք վերադարձնելը մեր գլխավոր առաքելությունն է»,- նշեց Էմմա Հոռոփյանը: 

1930 թվականին հիմնադրված Հրանտ Սամուելյանի Արևելյան գրախանութը (Librairie Orientale Hrant Samuelian), գիտակների և մասնագետների գնահատմամբ, ավելին էր, քան պարզապես գրքերի վաճառքի կետը: Այն հայ մտքի լուռ ապաստարան էր, այն քիչ վայրերից մեկը, որտեղ հայ գիրքը շարունակում էր շնչել՝ չնայած հեռավորությանն ու ժամանակին: 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում