Բարձր տեխնոլոգիաների գործարկումը փոփոխել է ոչ միայն մեր կյանքը, այլև պետությունների դիրքորոշումներն ու կարողությունները. Արշակյան
6 րոպեի ընթերցում

Բարձր տեխնոլոգիաների գործարկումը բերել է նաև աշխարհաքաղաքական ընթացիկ հարցեր, նոր տեխնոլոգիաները փոփոխել են ոչ միայն մարդկանց կյանքը, այլև պետությունների դիրքորոշումներն ու կարողությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ տեսակետը «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
«Բազմաթիվ երկրներ այս պահին ունեն պետական ծրագրեր, քանի որ կախված են այդ տեխնոլոգիաներից։ Օրինակ՝ ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանը և այլ երկրներ ցանկանում են զուտ տեխնոլոգիաների առումով լինել անկախ, քանի որ դա որոշ չափով առնչվում է նրանց ինքնիշխանությանը և աշխարհաքաղաքական կարողություններին, հետևաբար տեխնոլոգիաների, արհեստական բանականության և հաղորդակցության ոլորտներում առավելություն ունենալը չափազանց կարևոր է»,- ասաց Արշակյանը։
Նա հավելեց, որ Հայաստանում բավականին երկար ժամանակ է, ինչ բարձր տեխնոլոգիաների ոլորտը համարվում է առաջնային ուղղություն պետական քաղաքականության համատեքստում և հենց այդ պատճառով ստեղծվել է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, ինչն, ի դեպ, ԱԺ փոխնախագահի բնորոշմամբ՝ չափազանց կարևոր քաղաքական որոշում էր, որի նպատակն էր ընդգծել, որ Հայաստանը ցանկանում է լինել տեխնոլոգիական զարգացման արժեշղթայի մաս՝ զբաղեցնելով իր, գուցե, փոքր տեղը, որտեղ ինքն էլ կարող է լինել մրցունակ։
Արշակյանն ընդգծեց, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց հիմնական նպատակն էր ոչ միայն օգնել տեղական ընկերություններին, այլև բարենպաստ պայմաններ ստեղծել միջազգային կազմակերպությունների համար, որպեսզի պատրաստակամորեն գան Հայաստան։ Բազմաթիվ նոր դերակատարներ հայկական շուկայում հայտնվել են նաև այդ քաղաքականության շնորհիվ՝ որպես դրա արգասիք։
«Դրանով մենք կոնկրետ ուղերձ ենք հղում ամբողջ աշխարհին։ Բազմաթիվ ընկերություններ լսում են այդ ուղերձը, և հատկապես նրանց համար չափազանց կարևոր է օգտվել մրցակցային առավելությունից։ Տեսնելով այդ ամենը՝ նրանք գալիս են Հայաստան՝ այստեղ բերելով իրենց կարողությունները։ Հարյուրավոր ընկերություններ արդեն կատարել են այդ քայլը և առնվազն գիտահետազոտական կենտրոններ են տեղակայել Հայաստանում։ Նրանց ուսումնասիրությունների առարկան վերաբերում է մասնավորապես արհեստական բանականությանը, կենսաբժշկությանը, ծրագրավորմանը, էլեկտրոնիկային։ Դա ինչ-որ կերպ Հայաստանին դիրքավորում է նշված բնագավառում»,- մանրամասնեց ԱԺ փոխնախագահը։
Արշակյանը կարևորեց նաև Հայաստանի բոլոր սահմանների բաց լինելու անհրաժեշտությունը, քանի որ դա, նրա համոզմամբ, կբացի հարատև հնարավորություններ ոչ միայն տնտեսության համար, այլև կնպաստի մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը։
«Երբ Հայաստանի տարածքով իրականացվի կայուն շարժ, բիզնեսներն այստեղ կբարգավաճեն, առավել ևս, որ բոլորն էլ շահագրգռված են տնտեսական զարգացմամբ և խաղաղության հաստատմամբ, ուստի բոլորն էլ ցանկանում են այստեղ տեսնել կայունություն։ Միջնաժամկետ կտրվածքով մեզ համար լինելու են ոչ միայն կարևոր մարտահրավերներ, այլև լավ հնարավորություններ։ Տեխնոլոգիաներն ինչ-որ առումով սահմաններ չեն ճանաչում, թեև ֆիզիկական սահմաններն այսօր նույնչափ կարևոր են, որքան հիսուն տարի առաջ։ Իսկ երկարաժամկետ կտրվածքով մեզ համար կարևոր է կրթությունը, որն իր հերթին կարող է առաջ բերել բազմաթիվ հնարավորություններ»-, ասաց Արշակյանը։
Խոսելով արհեստական բանականության մասին է՝ նա նշեց, որ մարդիկ երբեմն մտածում են, որ այն փոխարինելու է մարդուն։ Ըստ Արշակյանի՝ գուցե, որոշ դեպքերում այդպես է, քանի որ առանձին մասնագիտությունների ոլորտում այդ գործիքը կարող է լայնորեն կիրառվել, բայց մարդիկ, որոնք օգտագործում են արհեստական բանականությունը, հաստատ կփոխարինեն նրանց, որոնք հավուր պատշաճի չեն կարողանա օգտագործել նշված գործիքը։
«Սա ոչ միայն գիտելիքի, տեխնոլոգիաների ու կարողությունների, այլև հմտության հարց է, հետևաբար երկարաժամկետ կտրվածքով հենց կրթական համակարգն է, որ պետք է մարդկանց սովորեցնի ճիշտ օգտագործել արհեստական բանականությունը՝ ստեղծելով նույնիսկ խաղի կանոնները փոխող ներուժ»,- հավաստիացրեց ԱԺ փոխնախագահը։
Նա վկայակոչեց պիլոտային ծրագրերից մեկի իրականացումը, որի համաձայն՝ կարճաժամկետ մասնագիտական վերապատրաստման միջոցով մարդիկ օգտագործել են ծրագրավորումն ու կոդավորումն իրենց մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով։ Մեկ տարվա ընթացքում վերապատրաստվել է 5000 մարդ, որոնց 30 տոկոսը հայտնվելով աշխատաշուկայում՝ կարողացել են աշխատանք գտնել նաև տեխնոլոգիաների ոլորտում ու ապահովել կարիերայի հետագա աճ։