Իսրայելը փորձում է ամբողջովին օկուպացնել Գազան, իսկ Պաղեստինի անկախության միջազգային ճանաչման հարց օրակարգում չկա. Արմեն Պետրոսյան
6 րոպեի ընթերցում

Քաղաքական վերլուծաբան, արաբագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ ներկայում պաղեստինաիսրայելական հակամարտությունը գտնվում է այն շրջափուլում, երբ Իսրայելը, օգտվելով բարենպաստ իրավիճակից, փորձում է ամբողջովին օկուպացնել Գազայի հատվածը և հնարավորինս հասնել այդ տարածքի բնակչության արտաքսման։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանն անդրադարձավ Գազայի հատվածում տիրող իրավիճակին և վերջին օրերին տեղի ունեցած զարգացումներին։
«Գազայում իրավիճակը և պաղեստինաիսրայելական հակամարտության ակտիվացման վերջին շրջափուլը, որ շարունակվում է 2023 թվականի հոկտեմբերից, պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով, և քանի դեռ գլոբալ անորոշությունը շարունակվում է և փաստացի միջազգային իրավաքաղաքական մեխանիզմները, ըստ էության, չեն ծառայեցվում միջազգային կարգի պահպանմանը և նույնիսկ անկարող են այդ հարցում, Իսրայելը, օգտվելով իրավիճակից, փորձում է իր շահերի տիրույթում առավելագույնս հանգուցալուծման տանել պաղեստինյան հիմնախնդիրը, ինչը ենթադրում է ՀԱՄԱՍ-ին ամբողջությամբ զրկել իշխանությունից, ինչպես նաև հնարավորության դեպքում ամբողջությամբ օկուպացնել Գազայի հատվածը»,- նշեց Պետրոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ Իսրայելի հիմնական նպատակներն այս պահին միտված են դրան, իսկ զուգահեռ պրոցեսները, լինեն բանակցությունների իմիտացիա, թե ինչ-որ ժամանակավոր հրադադարի պայմանավորվածություններ, կրում են ժամանակավոր բնույթ, մինչդեռ միջազգային դերակատարների ակնկալիքներն ու որոշակի գործողություններն էլ ենթադրում են, որ պետք է զուգահեռաբար լինի որոշակի դիվանագիտական-քաղաքական պրոցես, քանզի այլ կերպ հնարավոր չէ։
Պետրոսյանը հավելեց, որ ինչ-որ քաղաքական պրոցեսի իմիտացիան անհրաժեշտ է Իսրայելի համար ինչպես ներքին քաղաքական զարգացումների համատեքստում, այնպես էլ արտաքին կամ միջազգային ասպարեզում դիվանագիտական որոշակի գործընթացներ ապահովելու նպատակով։
Անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահի» և հութիների կողմից մղվող ցանցային կամ հատվածական պայքարի մարտավարությանը՝ վերլուծաբանն ընդգծեց, որ վերջնարդյունքում փաստացի ՀԱՄԱՍ-ի, մյուս խմբավորումների ու նրանց արտաքին դաշնակիցների կողմից ռազմավարական հաշվարկների առումով տեղի է ունեցել ձախողում, որովհետև Գազայի համար մղվող պայքարն այն տեսքով, որ կար նախկինում, այժմ գոյություն չունի, և ընդհանրապես պաղեստինյան հիմնախնդիրը կամ շատ ավելի գլոբալ առումով Իրանի ազդեցությունը, որի մի ճյուղավորումն էլ պաղեստինյան դիմադրությունն էր, փաստացի այժմ նախկին տեսքը չունի և կարելի է ասել, որ գրեթե մասնատված ու ջլատված է։
«Այժմ Իսրայելի կողմից կա Գազայի հատվածի գրեթե ամբողջական վերահսկում, միայն առանձին սահմանափակ տարածքներ չեն գտնվում իսրայելական բանակի վերահսկողության ներքո։ Կարևոր է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ ՀԱՄԱՍ-ի իշխանությունը զրոյական վիճակում է կամ շատ նվազ առկայություն ունի Գազայի հատվածում։ Եթե գնահատենք արդյունքներով, ապա դա պաղեստինյան կազմակերպությունների և նրանց արտաքին հովանավորների ռազմաքաղաքական հաշվարկների կատարյալ ձախողում էր, որոնք, Իսրայելի դեմ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի գրոհը պլանավորելիս, չեն կարողացել հաշվարկել այն բոլոր հետևանքները, որ կարող էին լինել, այլապես եթե կարողանային նման հաշվարկներ անել, վստահաբար չէին սկսի այդ գործողությունը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։
Պետրոսյանի խոսքով՝ այս պահին Իսրայելի կողմից Պաղեստինի անկախության ճանաչման հարց օրակարգում չկա։ Ճիշտ հակառակը, Իսրայելը, ոգևորվելով Գազայի հատվածում իրականացրած գործողությունից, այս պահին ընդհանրապես բացառում է ճանաչման հնարավորությունը։
«Այդ մասին խոսում են միայն եվրոպական դերակատարները, երբեմն ԱՄՆ-ն, որոշ դեպքերում էլ՝ որպես Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման, արաբական մի քանի երկրներ առաջ են քաշում Պաղեստինի անկախության ճանաչման հարցը։ Բայց միջազգային օրակարգում, մեծ հաշվով, այդ հարցը չկա։ Դրա հիմնական պատճառն այն է, որ Իսրայելը կարողանում է ռազմական գործիքներով լուծել իր առջև դրված խնդիրները, իսկ աշխարհաքաղաքական իրավիճակն ու հատկապես Միացյալ Նահանգներում իշխող քաղաքական վարչակազմը փաստացի այնպիսին են, որ Իսրայելն անխոչընդոտ իրականացնում է իր ծրագրերը և միևնույն ժամանակ դիվանագիտական հարթությունում կարողանում է առավելագույն չափով պաշտպանել իր շահերն ու հիմնավորել իր գործողությունները»,- նշեց քաղաքական վերլուծաբանը։
Նրա կարծիքով՝ հակառակ դեպքում մենք հիմա ականատես կլինեինք միջազգային հանրության կողմից շատ ավելի մեծ քաղաքական ու տնտեսական ճնշման, ավելի առարկայական քայլերի՝ ընդհուպ մինչև որոշակի պատժամիջոցների կիրառման, իսկ վերջնարդյունքում՝ Պաղեստինի անկախության ճանաչման, սակայն դա այս պահին միջազգային օրակարգում չկա։