Սփյուռք

Հայկական տոնավաճառ՝ Բրյուսելի Իքսել թաղամասում

3 րոպեի ընթերցում

Հայկական տոնավաճառ՝ Բրյուսելի Իքսել թաղամասում

ԲՐՅՈՒՍԵԼ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելի սրտում՝ Իքսել թաղամասի Ժորժ Բրյուգմանի հրապարակում, hունիսի 1-ին հայկական հոգին փայլում էր արևոտ երկնքի տակ. երգ ու պար, գինու բույր, ավանդական խոհանոց, ձեռարվեստ ու արվեստ՝ բոլորը միավորվել էին մեկ հարկի տակ՝ պատմելու Հայաստանի մասին։ 

Տոնավաճառը, որը կազմակերպվել էր Բելգիայում Հայաստանի դեսպանության, Հայ-բելգիական առևտրի պալատի և Բելգահայ ռադիոյի ջանքերով ու Իքսել շրջանի քաղաքապետարանի աջակցությամբ, վերածվել էր հայկական մշակույթի իրական պատուհանի՝ բացված դեպի Հայաստանն ու հայկականությունը։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ տոնավաճառի բացման արարողությանը Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը շեշտեց ՝ մեծ պատիվ է այս եղանակով Հայաստանը և հայկական ոգին առաջին անգամ ներկայացնելը։ Ըստ դեսպանի՝ Իքսելում միջոցառումն անցկացնելը պատահական չէր. թաղամասն առնչվել է հայ համայնքի պատմությանը դեռ վաղուց։ Այստեղ է գտնվում հայկական եկեղեցին, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը։ Այս ամենը՝ ամրապնդված քաղաքապետարանի հետ տարիների բարեկամական հարաբերություններով, դարձնում է վայրն առավել իմաստալից։ 

Իքսելի շրջանի քաղաքապետ Ռոմեն դը Ռոզմը, ողջունելով միջոցառման անցկացման նախաձեռնությունը, ընդգծեց հայ համայնքի հետ ունեցած բարեկամության կարևորությունը։ «Մեզ համար միշտ հստակ է եղել, որ հայ համայնքի հետ մեր հարաբերությունները պետք է միշտ ջերմ ու ամուր լինեն»,-հայտարարեց նա։

Քաղաքապետարանի մշակութային ժառանգության պահպանման հարցերով պատասխանատու Ջուլի դը Գրոթը, որը նախկինում զբաղեցրել է Բրյուսելի ֆրանսախոս խորհրդարանի նախագահի պաշտոնը, իր ելույթը սկսեց հուզիչ հայտարարությամբ․ 

«Մենք ընկերներ ենք. իսկ ընկերությունը թե՛ արևոտ, թե՛ մռայլ օրերին է մնում»։

Նա հիշեց Ստեփանակերտում անցկացրած իր օրերը, տեսած պատերազմը, լսած հարվածները։ «Այս տոնավաճառը հիշողություն է, իսկ հիշողությունը շարժիչ ուժ։ Հիշողությունը համ է, բաղադրատոմս, ու այսօր այդ հիշողությունն ապրեցվում է»,-ասաց նա։

Տոնավաճառի ողջ ընթացքում հրապարակը լեցուն էր այցելուներով՝ տեղացիներ, դիվանագետներ, ԵՄ կառույցների ներկայացուցիչներ, որոնք բացահայտում էին Հայաստանի համն ու հոտը։ Հայկական գինու համտեսը, երաժշտությունը և արվեստի գործերը ստեղծում էին մի մթնոլորտ, որտեղ Բրյուսելը մի պահ վերածվել էր երևանյան թաղամասի։

Հայ համայնքի անդամների համար դա ավելին էր, քան տոնավաճառ. Հայաստանից հեռու, բայց հայկական համ ու հոտի միջոցով նրանք մտովի տեղափոխվեցին հայրենի երկիր։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում