Մշակույթ

«Հայ ճամբար 2025»՝ ֆլամանդալեզու հայ երեխաների և պատանիների համար

3 րոպեի ընթերցում

«Հայ ճամբար 2025»՝ ֆլամանդալեզու հայ երեխաների և պատանիների համար

Նիդեռլանդների հյուսիսային Սոմերեն քաղաքում՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերշ․ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի նախագահությամբ և օրհնությամբ, մայիսի 29-ին մեկնարկել է «Հայ Ճամբար 2025»-ը՝ նախատեսված ֆլամանդալեզու հայ մանուկների և պատանիների համար։ Ճամբարը կշարունակվի մինչև կիրակի՝ հունիսի 1-ը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արևմտյան Եվրոպայում Հայ Առաքելական Եկեղեցու պատրիարքական պատվիրակի գրասենյակը։ 

Ճամբարի վերջին օրը մասնակիցները կմասնակցեն սուրբ պատարագի, որից հետո միասին կճաշեն և նոր հիշողություններով ու տպավորություններով կվերադառնան տուն։

Այս նախաձեռնությունն արդեն երկրորդ տարին է կազմակերպվում և ունի ակնհայտ աճի միտում։ Եթե 2024-ին ճամբարը հյուրընկալել էր շուրջ 100 մասնակցի, ապա այս տարի նրանց թիվը հասել է 175-ի, որոնցից 142-ը երեխաներ են, իսկ 33-ը՝ երիտասարդ ջոկատավարներ։ Բացի այդ, ծրագիրը դարձել է ավելի երկարատև՝ ներառելով լրացուցիչ մեկ օր։ 

Ճամբարի երեք օրերը կառուցված են հոգևոր, կրթական և մշակութային բաղադրիչների շուրջ։ Ամեն օրը սկսվում և ավարտվում է աղոթքով՝ հնարավորություն ընձեռելով հոգևորականներին ներշնչող խոսքերով ու թեմատիկ զրույցներով ուղեկցել մասնակիցների ընթացքը։

Ծրագրում ներառված են հայոց լեզվի, պատմության և մշակույթի դասընթացներ, ժողովրդական պարեր, սպորտային խաղեր ու թիմային վարժանքներ։

Հատուկ կարևորություն է տրված եկեղեցական դաստիարակությանը։ Ճամբարի ընթացքում երեխաները՝ հոգևոր հայրերի առաջնորդությամբ, անձամբ են պատրաստում նշխարներ, բացահայտում դրանց խորհրդավոր իմաստն ու հոգևոր խորհուրդը։ Օրհնված նշխարները պատարագից հետո կարող են տուն տանել՝ որպես հիշատակ։  

Մեկ այլ արժեքավոր փորձառություն է յուրաքանչյուրի համար իր անձնական աղոթքը կազմելն ու ընթերցելն աղոթքի ընդհանուր պահերի ընթացքում։ Այս բացահայտումներն օգնում են երեխաներին ձևավորել խորը և անձնական կապ իրենց հավատքի հետ։

Երեկոյան ժամերին ճամբարը վերածվում է համայնքային ուրախության հարթակի։ Նախատեսված է տաղանդների ցուցադրություն, որի ընթացքում երեխաները հանդես են գալիս իրենց ունակություններով՝ երգ, երաժշտություն, բանաստեղծություն, դերախաղ կամ այլ կատարումներով։

«Հայ Ճամբար 2025»-ը ոչ միայն ամառային հանգստի և ժամանցի, այլև հոգևոր, ազգային և համայնքային ինքնության ամրապնդման բացառիկ հարթակ է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում