ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը Իսպանիայի դեսպանի հետ քննարկել է  համագործակցության հեռանկարները

3 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Հայաստան-Իսպանիա հարաբերությունների զարգացումը, մասնավորապես, համատեղ ծրագրերի իրականացման, ակադեմիական փոխանակումների, մշակութային ժառանգության պահպանման և երկուստեք մշակութային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Անդրադառնալով կրթության ոլորտում փոխգործակցությանը՝ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները և գիտական կազմակերպություններն ակտիվորեն համագործակցում են ԵՄ «Հորիզոն Եվրոպա» և «Էրազմուս+» ծրագրերի շրջանակում։ ՀՀ շահագրգիռ կազմակերպություններն ընդգրկված են «Էրազմուս+» ծրագրի կարողությունների զարգացման, շարժունության և վերապատրաստման մի շարք նախագծերում։ Մասնավորապես` առկա են համագործակցային կապեր Իսպանիայի Սերվանտեսի ինստիտուտի, Կադիսի, Մադրիդի, Բուրգոսի, Մուրսիայի համալսարանների հետ։ Իրականացվում են նաև ուսանողների և հետազոտողների շարժունության համատեղ ծրագրեր։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ուսանողների և ուսուցիչների փոխանակման ծրագրերին, իսպաներենի ուսուցման զարգացման և տարածման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Ըստ աղբյուրի՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանք է իրականացնում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Արտերկրում գործող մեկ տասնյակից ավելի հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ստացել են ֆինանսավորում, 2022 թվականից դրանց թվում է նաև Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում գործող կենտրոնը:

Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցությանը՝ կողմերը կարևորել են տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական խմբերի միջև համագործակցության խթանումը, միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցությունն ու փորձի փոխանակումը: 

Նշվում է, որ ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր աջակցությունն է հայտնել երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնություններին՝ նշելով, որ Իսպանիան պատրաստ է կիսվելու տարբեր բնագավառներում իր լավագույն փորձով։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում