Ծովակ գյուղում հողերի ջրարբիացման և կլիմայի փոփոխության դիմակայության խոշոր ծրագիր է իրականացվում

5 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղում հողերի ջրարբիացման և կլիմայի փոփոխության դիմակայության խոշոր ծրագիր է իրականացվում՝ «Ցածր ածխածնային լուծումների ներդրում հողային և ջրային ռեսուրսների կայուն կառավարման համար Գեղարքունիքի մարզի Ծովակ բնակավայրում» ծրագրի շրջանակներում։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  ծրագիրն իրականացնող  «ԲԼԵՋԱՆ» ՀԿ նախագահ Լիաննա Ասոյանը, «Ցածր ածխածնային լուծումների ներդրում հողային և ջրային ռեսուրսների կայուն կառավարման համար Գեղարքունիքի մարզի Ծովակ բնակավայրում» ծրագրի մեկնարկը տրվել է 2022 թվականի դեկտեմբերին և ավարտին կհասցվի  2025 թվականի  հունիսին։  Ծրագիրը ֆինանսավորվում է «ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի» շրջանակներում՝ 105 հազար 840 ԱՄՆ դոլար արժեքով, որից  50000 դոլարը ներդրվում է ծրագրի, 55840  դոլարը՝  համաֆինանսավորման կարգով՝  Վարդենիսի համայնքապետարանի և «Գեղարքունիք» ՋՕԸ կողմից։

Շուրջ երկու տարի է, ինչ ծրագիրը մեկնարկել է, որի ընթացքում հստակեցվել է Ծովակի պոմպակայանի սեփականության իրավունքի հարցը, և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ  ՀՀ սեփականություն հանդիսացող Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի 4 հասցեի 83.1 քառ. մետր պոմպակայանը, 34.5 քառ. մետր պահակատունը, 59.6 քառ. մետր պարիսպը և 0.992 հա հողամասը ընդհանուր 7605131 դրամ անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերությանը։

Պոմպակայանի տարածքում իրականացվել է 20 կիլովատտ հզորության  արևային կայանի տեղադրում և գործարկում, ձեռք են բերվել հզոր և էներգաարդյունավետ պոմպեր, որոնք պատրաստ են տեղադրման։                                

Վարդենիսի համայնքապետարանի կողմից՝ ՄԱԿ-Ի Պարենի Համաշխարհային ծրագրով, տրամադրվել է   4 կմ խողովակաշար, որը «Գեղարքունիք» ՋՕԸ ջանքերով մոնտաժվում, փոխարինվում և տեղադրվում է խորհրդային տարիներից մնացած խողովակների փոխարեն։ Մեկնարկել է նաև ուսումնացուցադրական տարածքների կառուցման աշխատանքները։ Ոռոգման համակարգը նախատեսվում է գործարկել 2025 թվականի հունիսի վերջին։

«Ծովակ գյուղում 645 հեկտար  վարելահողերի շուրջ 70 տոկոսը չի ոռոգվում՝ ջրային ռեսուրսների անմատչելիության և ենթակառուցվածքների մաշվածության պատճառով։ Արդյունքում՝ տարածքը անապատացվում է հողերի դեգրադացիայից, կերային խնդիրներից և եկամտաբերության կորստից՝ խորացնելով գյուղական բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները։ Ծրագրի նպատակն է բարձրացնել Ծովակ բնակավայրի դիմակայունությունը կլիմայի փոփոխությանը՝ վերագործարկելով ոռոգման ենթակառուցվածքը և ներդնելով կայուն հողօգտագործման ու ջրային ռեսուրսների կառավարման նոր գործելակերպեր։

Ծրագրի գլխավոր բաղադրիչներն են՝ պոմպակայանի վերագործարկում՝ Մեծ Մասրիկ գետի ջրերով,  500 հա հողի ոռոգման նպատակով, արևային էներգիայի օգտագործում՝ պոմպակայանի 20 կՎտ հզորությամբ լուսաէլեկտրական կայանի գործարկմամբ, ագրոտեխնոլոգիաների ցուցադրություն՝ բարձրարժեք մշակաբույսերի և նոր ոռոգման մեթոդների կիրառմամբ,  կարողությունների զարգացում՝ ֆերմերների ու ՏԻՄ-երի վերապատրաստմամբ, տեղեկատվական արշավ՝ թերթիկների հրատարակմամբ, դասընթացների, խորհրդաժողովների կազմակերպմամբ։

Ծրագրից ակնկալվող արդյունքներն են՝  500 հա նոր ոռոգելի հողատարածք, ներդրված 4 կմ երկարության  նոր ոռոգման խողովակաշար, պոմպակայան՝ նոր պոմպերով ու արևային էներգիայով,  ցուցադրական հողամասեր՝ նոր տեխնոլոգիաներով, նվազեցված հողերի դեգրադացիա, բարելավված եկամուտներ։ Ի վերջո, ծրագրի իրականացման արդյունքում Ծովակում զարգացում կապրի գյուղատնտեսությունը՝ հողագործության ու անասնապահության ճյուղերով, կստեղծվեն կայուն եկամուտներ, տնտեսությունները կբարեկլավեն իրենց սոցիալական վիճակը։ Նոր ոռոգման սեզոնի սկզբից ոռոգելի կդառնա 250  հեկտար հողատարածք, եթե ակոսային ոռոգմամբ իրականացվի այն, իսկ եթե  անցում կատարենք ոռոգման արդիական համակարգերի, ապա ոռոգելի կդառնան 500 հա-ից ավելի տարածք»,-ներկայացրեց Լիաննա Ասոյանը։

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով