Միրզոյանական 12-րդ մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր
3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 12-րդ հանրապետական մրցույթը, որի աջակիցն է Հայաստանի կոմպոզիտորների միությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռել պատանի կոմպոզիտորներին՝ ներկայացնելու իրենց ստեղծագործությունները և լինելու կոմպոզիտորական մեծ ընտանիքի անդամ: Այս տարի մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր՝ երկու տարիքային խմբերում:
Կրտսեր խմբում (մինչև 13 տարեկան) ընդգրկված են Ադրիանա Շահինյանը, Արիանա Ավետիսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Արթուր Գրիգորյանը, Գագիկ Ավետիսյանը, Լիանա Մազմանյանը, Մոնթե Միքայելյանը, Մոնիկա Ավագյանը, Յուրի Ավագյանը, Նատալի Եղիազարյանը, Ռուբեն Հարությունյանը:
Ավագ խմբում (14-18 տարեկան)՝ Արամ Ասմանգուլյանը, Արեն Աբգարյանը, Արտաշես Մոսիկյանը, Գարիկ Հարությունյանը, Էրիկ Ասատրյանը, Էդուարդ Ղազարյանը, Նորայր Նիկողոսյանը, Սյուզաննա Աղամալյանը, Վիլյամ Չիլինգարյանը:
Հանձնաժողովի նախագահն է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Ռուբեն Ասատրյանը, Էդուարդ Հայրապետյանը, Աննա Ասատրյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը, մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:
Մրցույթի գալա համերգը և մրցանակաբաշխությունը կկայանան մայիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Մուտքն ազատ է:
Մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն անվանական գավաթներով և դրամական պարգևներով: Դրամական պարգևներ կստանան նաև մրցանակակիրների ուսուցիչները: Մրցույթի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով և պատվոգրերով: Մրցույթի դափնեկիրները մայիսի 20-ին ելույթ կունենան նաև Վանաձորում:
Մայիսի 12-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացել է մասնակիցների վիճակահանության արարողությունը, իսկ մայիսի 13-ին Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում՝ մրցութային առաջին փուլը: Կրտսեր խմբի մասնակիցները ներկայացրել են մեկ երգ՝ գրված հայ հեղինակի հայալեզու բանաստեղծության հիման վրա: Ավագ խմբի մասնակիցները ներկայացրել են մեկ անսամբլային ստեղծագործություն՝ առավելագույնը 4 գործիքի համար:
Մայիսի 15-ին կկայանա երկրորդ փուլը, որի շրջանակում մասնակիցները կներկայացնեն մենանվագ ստեղծագործություն՝ ցանկացած գործիքի համար: