Սևան համայնքում մայիսի 10-ից մեկնարկել են «ԵՄ Կայուն էներգիայի օրերին» նվիրված միջոցառումները
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2025 թվականի մայիսի 10-ից մեկնարկել են «ԵՄ Կայուն էներգիայի օրերը», որոնք անցկացվում են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, արդեն ավանդական դարձած «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը», որին Սևան համայնքը միացել է 2020 թվականից, այս տարի անցկացվելու է հունիսի 10-12-ին:
«ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակներում մայիսի 14-ին Սևանի բազմագործառութային պետական քոլեջում անցկացվել է ճանաչողական դաս՝ «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների նորոգում, մոնտաժում և շահագործում» թեմայով:
Սևանի բազմագործառութային պետական քոլեջի «Արևային վերականգնվող էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում, սպասարկում» բաժնի ուսանողներն իրենց ուժերով հավաքել են փոքր ֆոտովոլտային կայանը:
Մինչև հունիսի 12-ը Սևան համայնքում կանցկացվեն «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան» նվիրված բազմաթիվ միջոցառումներ:
Արդեն հայտարարվել է «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական աշխատանքների, «5 քայլ դեպի էներգախնայողություն» և «Իմ կանաչ քաղաքը» խորագրերով կարճ տեսահոլովակների նկարահանման, «Կանաչ աշխարհ» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթներ: «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով կանցկացվեն «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան» նվիրված ցուցահանդեսներ, բաց դասեր ու միջոցառումներ: