ՀՀ-ում թողարկված նոր նամականիշի վրա պատկերված է ճապոնացի գիտնական Յոշիակի Հագիվարան

7 րոպեի ընթերցում

2025 թվականի մայիսի 13-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով փոստային բացիկ և հատուկ ծրար՝ նվիրված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 400 ՀՀ դրամ անվանական արժեքով փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է մրցանակակրին տրվող ոսկե մեդալը, իսկ փոստային բացիկի վրա պատկերված է 2022 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակին արժանացած Adobe ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, 2023 թվականի մրցանակակիր՝ «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին և 2024 թվականի մրցանակակիր՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան:

Հատուկ ծրարի վրա պատկերված է 2024 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 15-րդ դափնեկիրը՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան: 

Հատուկ ծրարի վրա փակցված է 2024 թվականին թողարկված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը: 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն արարողության ժամանակ ուրախությամբ նշեց, որ հերթական անգամ ՀՀ-ում պատվի է արժանանում տեխնոլոգիական ոլորտի ևս մեկ հսկա Յոշիակի Հագիվարան, ով դարձավ պետական մրցանակի դափնեկիր։ 

«ՏՏ բնագավառում այս մրցանակը ստացել է ոլորտի Օսկարի անվանում։ Այն մարդիկ, ովքեր ստանում են այս մրցանակը, ՀՀ-ն գնահատում է նրանց ներդրումը, նրանք կապվում են Հայաստանի հետ, և հույս ունենք, որ դրանով իսկ իրենց ավանդն են բերում տվյալ ոլորտի զարգացման գործում։ Շնորհակալ ենք պարոն Հագիվարային մեր երկիր այցելելու և մրցանակը ստանալու կապակցությամբ։ Նման պատվի ՀՀ-ում քչերն են արժանանում, այն էլ կենդանության օրոք։ Իսկապես ուրախալի է, որ Հայաստանի և ցանկացած այլ պետության խորհրդանիշերից մեկի՝ նամականիշի և ծրարի վրա տեղ է գտնում այսպիսի հարգարժան հյուրի անունը»,- ասաց Հարությունյանը։ 

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ նամականիշի թեման նվիրվում է համաշխարհային տեխնոլոգիական ոլորտում մեծագույն ավանդ ունեցած երեք հսկաներին։

«Սրանով փաստացի ևս մեկ անգամ մեր երախտագիտության խոսքն ենք ասում գիտության և տեխնոլոգիաների ոլորտում գլոբալ ավանդ ունեցած այդ հսկաներին։ Միևնույն ժամանակ ևս մեկ անգամ դրսևորվում է ՀՀ կառավարության երազանքը երկրի ապագայի նկատմամբ՝ Հայաստանը դարձնելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կարևորագույն համաշխարհային կենտրոններից մեկը։ Ընդամենը 20-30 րոպե ժամանակ եմ ունեցել շփվելու Յոշիակի Հագիվարայի հետ և կարող եմ ասել, որ բացի ՏՏ ոլորտում ունեցած իր ավանդից, նորարարությունների ոլորտում իր կարևորագույն ձեռքբերումներից, առանձնահատուկ կերպով տպավորված եմ նաև նրա մարդկային տեսակով և առանձնահատուկ համեստությամբ, որով ուղղակի հմայված եմ։ Աշխարհի քարտեզի վրա, ի դեմս Հայաստանի, կա ևս մեկ երկիր, որտեղ պարոն Հագիվարային սիրում են և միշտ սպասելու են»,- ասաց ԲՏԱ նախարարը։ 

Ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան ի պատասխան ասաց, որ շատ տպավորված է մրցանակ ստանալու առթիվ և ուրախ է, որ իր պատկառելի տարիքում ևս դեռ կարող է օգտակար լինել։   

«Ես կրթական ծրագրերի շրջանակում աշխատում եմ առավելապես երիտասարդների հետ, որովհետև նրանք մեր ապագան են։ Երախտապարտ եմ իմ ուսուցչին՝ Մոկիմոտա Սանին, ով Ճապոնիայում եղել է կիսահաղորդիչների զարգացման հիմնադիրը։ Ժամանակին ես ուզում էի կիսահաղորդիչներով ընդամենը խաղալիքներ պատրաստել, բայց ստացվեց այնպես, որ ամբողջ համաշխարհային տնտեսությունն այսօր կառուցված է կիսահաղորդիչների վրա։ Գիտությունը սահմաններ չի ճանաչում։ Մենք համագործակցում ենք նույնիսկ պատերազմական գործողություններում ներգրավված երկրների հետ և համոզված ենք, որ գիտությունն ու գիտական նվաճումները կօգնեն հասնել խաղաղության ամբողջ աշխարհում։ Մեր պարտքն է գալիք սերունդների համար երկիր մոլորակը դարձնել ավելի բարգավաճ, գեղեցիկ, մաքուր և անվտանգ»,- ասաց Յոշիակի Հագիվարան։

Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ նշեց, որ հայկական ֆիլատելիայի համար մայիսի 13-ը նույնպես պատմական օր է, քանի որ շրջանառության մեջ է դրվում չափազանց կարևոր նամականիշ։ 

«Քովիդ-19-ի պատճառով մենք պարտադրված բաց ենք թողել մրցանակաբաշխության մեկ տարին, բայց 2025 թվականին կմտնենք նորմալ ցիկլի մեջ և տառացիորեն հոկտեմբերին կունենանք արդեն 16-րդ մրցանակակրին, ով կստանա ընթացիկ տարվա պետական մրցանակը։ Մինչ մեր որոշ հարևան երկրներ զբաղված են նաև ֆիլատելիստիկայի ոլորտում պատմական կեղծարարություններով, մեր ազգային ֆիլատելիան միտված է մեր պատմամշակութային արժեքների, մեր ինքնության ներկայացմանը, դրանով իսկ միտված է ապագային։ Այս արարողությունը դրա վառ ապացույցն է։ Մեր երկրորդ մրցանակակիրը՝ Apple կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, պարգևը ստանալիս նշեց, որ աշխարհում չկա Նոբելյան մրցանակ ՏՏ ոլորտում, ուստի մրցանակը ստանում է որպես Նոբելյան մրցանակ, ինչից հետո այս մրցանակաբաշխությունն ունեցավ նման խորհրդանշական բովանդակություն»,- ասաց Մուսայելյանը։ 

Արայիկ Հարությունյան

Հովիկ Մուսայելյան, Մխիթար Հայրապետյան, Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյան, Յոշիակի Դեյմոն Հագիվարա

Յոշիակի Դեյմոն Հագիվարա, Շուշան Ալեքսանյան

Յոշիակի Դեյմոն Հագիվարա

Արմեն Ավետիսյան, Հովիկ Մուսայելյան, Մխիթար Հայրապետյան, Արայիկ Հարությունյան, Յոշիակի Դեյմոն Հագիվարա, Շուշան Ալեքսանյան

Յոշիակի Դեյմոն Հագիվարա

Մխիթար Հայրապետյան, Արայիկ Հարությունյան, Յոշիակի Դեյմոն Հագիվարա, Շուշան Ալեքսանյան

Արմեն Ավետիսյան, Հովիկ Մուսայելյան, Մխիթար Հայրապետյան, Արայիկ Հարությունյան, Յոշիակի Դեյմոն Հագիվարա, Շուշան Ալեքսանյան

Արմեն Ավետիսյան, Հովիկ Մուսայելյան, Մխիթար Հայրապետյան

Մխիթար Հայրապետյան, Արայիկ Հարությունյան, Յոշիակի Դեյմոն Հագիվարա

Արմեն Ավետիսյան, Հովիկ Մուսայելյան, Մխիթար Հայրապետյան, Արայիկ Հարությունյան, Յոշիակի Դեյմոն Հագիվարա, Շուշան Ալեքսանյան

Արմեն Ավետիսյան, Հովիկ Մուսայելյան, Մխիթար Հայրապետյան, Արայիկ Հարությունյան, Յոշիակի Դեյմոն Հագիվարա, Շուշան Ալեքսանյան

 

Հայերեն English Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում