«Կրթվելը Նորաձև Է» շարժման հանդիպմանը բանախոսել են ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, գործարար Բակուր Մելքոնյանը և շարժման ղեկավար Աննա Հակոբյանը
4 րոպեի ընթերցում
Մատենադարանում մայիսի 7-ին կայացած «Կրթվելը Նորաձև Է» շարժման հերթական հանդիպմանը բանախոսել են ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, գործարար Բակուր Մելքոնյանը և ՀՀ վարչապետի տիկին, շարժման ղեկավար Աննա Հակոբյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ Քայլը» հիմնադրամից, նրանց բանախոսությունները միավորԵԼ Է մեկ գաղափար` կրթության դերը՝ որպես անհատի ձևավորող ուժ և հասարակության զարգացման շարժիչ։
«Աննա Հակոբյանը հանդիպման մեկնարկին ներկայացրեց շարժման ռազմավարական հիմքը՝ հիշեցնելով, որ Շարժումը Հայաստանի Հանրապետությունում բոլոր քաղաքացիների շրջանում կրթվելու մոտիվացվածության բարձրացման անհրաժեշտության գաղափարի և ռազմավարության սկզբունքների շուրջ համախոհության հիման վրա միավորված անձանց խումբ է: Շարժման նպատակը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն կրթվելու և նորովի մտածելու մոտիվացիա հաղորդելն է։ Այն չի ձևավորում պետական գրանցման ենթակա կազմակերպություն։ Նրա հիմնական բանախոսությունը կրում էր «Մնացել ենք 5-րդ դարում» խորագիրը, և անդրադառնալով մեր մեծերին` փաստում, որ եթե 16 դար շարունակ մեր մոտեցումներն ու կենսակերպը չեն փոխվում, ուրեմն մենք շատ լուրջ մտածելու տեղ ունենք:
Հանդիպման ընթացքում բանախոսները միմյանցից տարբեր, սակայն գաղափարապես լրացնող ելույթներով ձևավորեցին այն հիմնական ուղերձը, թե կրթությունը ոչ միայն կրթական համակարգի խնդիր է, այլև արժեհամակարգի, ինքնաճանաչման, ընտրության և կամքի հարց։ Բակուր Մելքոնյանն իր «Ոչ թե բախտ, այլ կամք» բանախոսությունում պատմեց իր անձնական օրինակով, թե ինչպես է շարունակաբար կրթվում՝ նույնիսկ գործուղումների ժամանակ հասցնելով մասնակցել սեմինարների ու դասընթացների։ Նա շեշտեց, որ բիզնես սկսելը միայն երազանք չէ, այլ գիտակցված ընտրություն, որը պահանջում է ամենօրյա քրտնաջան աշխատանք և հստակ գործողությունների պլան։ Նրա խոսքով՝ մարդու վարքագիծը շատ է փոխվում, երբ նա հստակ պատկերացնում է իր նպատակն ու վերջնակետը։
Ռուբեն Բաբայանն իր «Կենտրոնում մարդն է» բանախոսության ընթացքում անդրադարձավ անհատի կենտրոնական դերին՝ ընդգծելով, որ երբ մշտապես խոսում ենք աբստրակտ հասկացություններով՝ ժողովուրդ, հասարակություն, մոռանում ենք, որ դրանց հիմքում կանգնած է մարդը՝ իր սկզբունքներով, կարծիքներով և որոշումներով։ Նա ասաց, որ սկզբունքները նման են ծառի արմատներին՝ նրանք պետք է կայուն լինեն, մինչդեռ կարծիքները պետք է թարմացվեն, զարգանան և վերանայվեն՝ ինչպես տերևները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ միջոցառման մշակութային հատվածում ելույթ է ունեցել «Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախումբը՝ Հասմիկ Վարդանյանի ղեկավարությամբ: Օրը ամփոփվել է հարցուպատասխանի հատվածով. երիտասարդների հարցերը վերաբերում էին թե՛ դպրոցներում սովորելու մոտիվացիայի պակասին, թե՛ կրթական համակարգի կողմից տրամադրվող արժեքներին, թե՛ սեռային կարծրատիպերի հաղթահարմանը։
«Եթե դուք ևս ցանկանում եք միանալ այս շարժմանը և մասնակցել հաջորդ բանախոսություններին, գրանցվեք հետևյալ հղումով՝ https://forms.gle/JFXga4bc21YDPNiw8»,- հայտնում են հիմնադրամից՝ հավելելով, որ «Կրթվելը Նորաձև Է» շարժման առաջիկա հանդիպումները կկայանան Կապանում, Քաջարանում, Տաթևում, Վանաձորում, Սիսիանում, Գորիսում, Արտաշատում, Մարալիկում և Երևանում։