Իրավունք

ՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերի կանխարգելման նպատակով հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խցերում նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել

2 րոպեի ընթերցում

ՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերի կանխարգելման նպատակով հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խցերում նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել

Քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող մահվան դեպքերի կանխարգելման նպատակով արդարադատության նախարարությունը նախատեսում է տեսախցիկներ տեղադրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խցերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Մահվան բոլոր դեպքերը մանրակրկիտ ուսումնասիրվում են։ Ցավոք, որոշ դեպքերում ունենք ինքնասպանություններ, որոնք գրեթե բոլորն առնչվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։ Նրանք նախկինում ունեցել են ինքնավնասման դրսևորումներ։ Չնայած բոլոր ջանքերին՝ երբեմն մեզ չի հաջողվում կանխել ճակատագրական հետևանքը։ Այժմ ուսումնասիրում ենք միջազգային փորձը, և նմանատիպ հակվածություն ունեցող անձանց խցերում նախատեսվում է տեղադրել տեսախցիկներ։ Սա նորամուծություն է, բայց միակ հնարավոր ճանապարհն է՝ նման դեպքերից խուսափելու համար»,-նշեց նախարարը։

Սրբուհի Գալյանը ևս մեկ անգամ շեշտեց՝ ՔԿՀ-ներում մահվան բոլոր դեպքերը պայմանավորված չեն ինքնասպանությամբ։ Դրանց մի մասը, ըստ նրա, բնական մահեր են՝ կապված անձանց առողջական խնդիրների հետ։

Նախարարն ընդգծեց, որ հարցի հասցեատեր են թե՛ արդարադատության, թե՛ առողջապահության նախարարությունները, այդ իսկ պատճառով երկու գերատեսչություններն այժմ ամենօրյա ռեժիմով համագործակցում են՝ ապահովելու անազատության մեջ գտնվող անձանց պատշաճ բժշկական սպասարկումը։

Նրա խոսքով՝ դրական օրինակներից է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նոր մասնաշենքի բացումը, որը նախատեսված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար։

«Սա առաջանցիկ քայլ է, որպեսզի կարողանանք պատշաճ պայմաններ ապահովել և՛ բուժման, և՛ վերահսկման տեսանկյունից։ Մենք չենք ուզում դեպքերն անհատականացնել, բայց փաստերը ցույց են տալիս՝ ինքնասպանության բոլոր դեպքերում առկա են եղել հոգեկան վիճակի հետ կապված նախորդ դրսևորումներ»,-եզրափակեց նախարարը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում