ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Վրաստանի դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագծին

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել «Ընկերոջ ակտը» օրինագծին, որը նախատեսում է պատժամիջոցներ և այցագրային սահմանափակումներ վրացի բարձրաստիճան պաշտոնյաների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Օրինագծին աջակցել է 349 կոնգրեսական, որոնցից 168-ը հանրապետականներ էին, իսկ 181-ը՝ դեմոկրատներ։ 42 կոնգրեսական դեմ է քվեարկել, իսկ 42-ը չի մասնակցել քվեարկությանը։

«Ընկերոջ ակտը» անվամբ հայտնի օրինագծի լրիվ անվանումն է «Վրաստանի հաշվետվողականության, դիմադրողականության և անկախության կարողությունների ամրապնդման և մոբիլիզացման մասին օրենք»։ Բացի այդ, դրա պաշտոնական անվանումն է «Պայքար Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության, Իրանի ռեժիմի և Ռուսաստանի Դաշնության ազդեցության դեմ Վրաստանում»։

«Ընկերոջ ակտ»-ով, մասնավորապես, նախատեսվում է սկսել ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների ամբողջական վերանայում, ներառյալ բոլոր օգնության ծրագրերի։ Օրինագծով նաև ԱՄՆ նախագահին կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պաշտոնյաների և նրանց կողմնակիցների նկատմամբ, որոնք «ներգրավված են կոռուպցիայի մեջ և Վրաստանը եվրաատլանտյան ինտեգրման ուղուց շեղելու, Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու կամ Վրաստանի կայունությունը խաթարող այլ կոռուպցիոն գործողությունների մեջ»։

Նախատեսվում է նաև ամրապնդել ժողովուրդների միջև կապերը և պաշտպանական համագործակցությունը, քանի որ «Վրաստանը շարունակում է գործել իր սահմանադրական պահանջներին համապատասխան»։

Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը հիշեցնում է, որ ավելի վաղ՝ մարտի 27-ին, փաստաթուղթը հավանության էր արժանացել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։ Օրենքը 2024 թվականին ներկայացրել էր կոնգրեսական Ջո Ուիլսոնը, իսկ այս տարի այն կրկին ներկայացվել է Կոնգրեսում կոնգրեսականներ Սթիվ Քոհենի, Ռիչարդ Հադսոնի և Մարկ Ուայզի կողմից։

Ներկայացուցիչների պալատից հետո օրինագծի շուրջ պետք է քննարկում և քվեարկություն տեղի ունենա Սենատում։ Եթե ​​այն ստանա երկու պալատների աջակցությունը, ապա կուղարկվի ԱՄՆ նախագահին՝ ստորագրման համար։

Հայերեն Русский

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին

Ռումինիան պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման գործում աջակցել Հայաստանին․ Լուկա Նիկուլեսկու

Իրաքյան Քրդստանի վարչապետը դեմ է արտահայտվել նավթահանքերի նկատմամբ Բաղդադի վերահսկողության սահմանմանը

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում