ՀՀ վարչապետն ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների Թագավորության վարչապետին
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Դիք Սխոուֆին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է. «Սիրով շնորհավորում եմ Ձեզ և Նիդեռլանդների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ։
Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված և տարիների բարեկամությամբ ամրապնդված Հայաստան-Նիդեռլանդներ հարաբերությունների ներկայիս հանգրվանը մեր ժողովուրդների միջև առկա հարգանքի և փոխվստահության ապացույցն է։
Ուրախ եմ արձանագրել, որ վերջերս ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր երկկողմ հարաբերությունները թևակոխել են պատմական նոր շրջան` ուղենշելով համագործակցության խթանման նորանոր ուղղություններ և հեռանկարներ։ Առանձնահատուկ կարևորում եմ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում մեր համագործակցության հետագա զարգացումը։
Վերստին շնորհավորում եմ Ձեզ և Նիդեռլանդների բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն»։