«Տան մյուս կողմը». ՌԴ֊ում ՀՀ դեսպանատանը Ցեղասպանությանը նվիրված ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Տան մյուս կողմը» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին:
Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ փաստավավերագրական ֆիլմը թեպետ նկարահանվել է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ` այն ՌԴ-ում ցուցադրվում է առաջին անգամ` Հայ բարեգործական ընդհանուր միության Մոսկվայի երիտասարդ մասնագետների ցանցի (AGBU Young Professionals Moscow) և ՌԴ֊ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի համատեղ ջանքերով։
Ողջույնի խոսքում մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն նշեց, որ չնայած հանդիպման առիթը ցավոտ է, և ժամանակի հետ զարգանում է մեր վերաբերմունքը ողբերգական իրադարձությունների վերաբերյալ, այնուամենայնիվ, աշխարհի ցանկացած կետում յուրաքանչյուր հայ ունի այն գիտակցումը, որ կարևոր է ոչ միայն մահվան մասին հիշողությունը, այլև հարության խորհուրդը։
«Ես ուրախ եմ, որ այսօր մշակույթի կենտրոնի պատերի ներսում անց է կացվում ցուցադրություն հենց այսպիսի ֆիլմի, որը ստեղծված է ինտելեկտուալ լեզվով»,- ասել է Գաբբեն։
Ամերիկաբնակ ռեժիսոր Նարե Մկրտչյանի հեղինակած ֆիլմը Ֆիլմը պատմում է թրքուհու մասին, որը 2015 թվականին պարզում է, որ իր մեծ մայրը ցեղասպանությունը վերապրողներից մեկն է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:Նրա ներսում միշտ պայքարում են Ցեղասպանություն վերապրածն ու Ցեղասպանություն ժխտողը:
Ֆիլմը ցուցադրվել է Անգլիայում, Շվեյցարիայում, Կանադայում, Ավստրալիայում, Մեքսիկայում, Լիբանանում և այլ երկրներում։