Շվեյցարահայ վավերագրող-լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գիրք-ալբոմը նոր լույս կսփռի 44-օրյա պատերազմի վրա
6 րոպեի ընթերցում

44-օրյա պատերազմ, մարդկային պատմություններ, ցավ, հույսի, լույսի սպասում։ Շվեյցարահայ վավերագրող-լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» հայերեն-ֆրանսերեն գրքում հեղինակը վավերագրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մաքառումն ու կորուստը։ Լուսանկարներին կից գրավոր նոթերով, մեկնաբանություններով նա ընթերցողին տեղափոխում է մարտի դաշտ, Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, Մարտունի և այլ բնակավայրեր։
Կարինում ծնված Սյոնմեզը, որը բավականին հասուն տարիքում է իմացել իր հայկական արմատների մասին, արժեքավոր գիրք-ալբոմը Հայաստանում ներկայացրեց «Նյումեգ» հրատարակչության և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնած «Ցեղասպանության շաբաթ» միջոցառման շրջանակում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում լուսանկարիչը խոստովանում է՝ երբ իմացել է, որ ծագումով հայ է, կյանքն ավելի է դժվարացել։
«Ներգրավվեցի Հայոց ցեղասպանությանը վերաբերող միջոցառումներին, ինչն իմ կյանքն ավելի բարդացրեց։ 1978 թվականից սկսած եղել եմ բանտում, իսկ ավելի վաղ քաղաքական պայքարի մեջ էի։ Բանտից դուրս գալուց հետո սկսեցի զբաղվել լրագրությամբ, լուսանկարչությամբ՝ անդրադառնալով հասարակական, քաղաքական թեմաների, ինչի պատճառով 1990 թվականին արտաքսվեցի Թուրքիայից։ Շվեյցարիայում կրկին վերադարձա լուսանկարչությանը»,-պատմում է նա։
Դեմիր Սյոնմեզը գրում է մարդու իրավունքների, սոցիալական արդարության և բազմազանության թեմաներով։ Վստահեցնում է՝ 44-օրյա պատերազմին նվիրված գիրքը փաստագրական արժեք ունի, հիշողության վկայություն է, հարգանքի տուրք է զոհվածներին և սթափության կոչ՝ համայն մարդկությանը։
Նա եղել է Իրաքում, Սիրիայում, իսկ 2020-ին Լեռնային Ղարաբաղի կարևորագույն իրադարձությունները վավերագրելու միտքը Սյոնմեզին հուշել է վաղեմի բարեկամը՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության թուրքերեն լրատվության ծառայության գլխավոր խմբագիր, լուսահոգի Րաֆֆի Հերմոն Արաքսը։
«Նա զանգահարեց ինձ և ասաց. «Այդ ինչպե՞ս է, որ լուսաբանում ես տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն մեզ չես անդրադառնում»։ Որոշեցի գալ այստեղ։ Ծանր ժամանակներ էին. համավարակ էր, բայց եկա, ցանկացա իմ ժողովրդի կողքին լինել և նրա ձայնը լսելի դարձնել աշխարհին»,-հիշում է Սյոնմեզը։
Գիրքը նախ հրատարակվել է անգլերեն և ֆրանսերեն։ Գրքում տեղ գտած լուսանկարներից չորսը հեղինակավոր մրցանակների են արժանացել և շուրջ մեկ տարի ցուցադրվել են Շվեյցարիայի տարբեր ցուցասրահներում։ Հաջողությունից ոգևորված Դեմիր Սյոնմեզը 2022-ին եկել է Երևան և այն տպագրել հայերեն։
Նոր հրատարակության մեջ, որը հանրությանն է ներկայացնում «Նյումեգ»-ը, հեղինակի՝ պատերազմական թեմաներով լուսանկարներից բացի, ներառվել են նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տրամադրած լուսանկարները (լուսանկարիչ` Հայկ Մանուկյան), որոնք արտացոլում են 2023-ի իրադարձությունները՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափումն ու արցախցիների մուտքը Հայաստան։ Ըստ Սյոնմեզի՝ այդ արխիվային լուսանկարներն ամբողջացնում են պատմությունը։
«Մեր գործընկերը, մեր հայրենակիցը շատ կարևոր ու մնայուն աշխատանք է կատարել։ Կարծում եմ՝ նման աշխատությունները մեծ նշանակություն ունեն՝ ժամանակի մոռացությունից պատմական իրադարձությունները փրկելու համար։ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ևս գիտակցում է իր հանձնառությունը պատմական իրադարձությունները փաստագրված, ճշգրիտ սերունդներին փոխանցելու հարցում և հենց այդ պատասխանատվությամբ մոտեցավ ու մեծ ուրախությամբ, հպարտությամբ մաս կազմեց այս գրքի լույս ընծայման»,-ընդգծում է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը։
Նրա խոսքով՝ գործակալության ստեղծագործական խումբը սահմանային բնակավայրերում՝ Կոռնիձորում, Գորիսում, Վայքում, որտեղ Հայաստանի պետական կառույցները շատ արագ կազմակերպել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ընդունման, գրանցման գործառույթները, փաստագրել ու արժեքավոր կադրեր է փոխանցել «Արմենպրես»-ի արխիվային պահոցներին, որպեսզի սերունդները տեղեկանան, որ 21-րդ դարում ևս առաջադեմ աշխարհը ականատես է եղել ցեղասպանությունների և զանգվածային տեղահանությունների։
Արցախից լուսանկարիչ Արեգ Բալայանը ևս 2020 թվականին եղել է իրադարձությունների կենտրոնում, լուսանկարել է այն, ինչ կարողացել է։ Հաճախ աշխատելու հնարավորություն է ունեցել, քանի որ տեղացիներն իրեն ճանաչել են, վստահել։ Կարծում է՝ նկարել են կատարվածի 15 կամ 20 տոկոսը միայն։
«Վավերագրող եմ ու վավերագրության դերը շատ լավ եմ հասկանում, պատկերացնում, կարևորում՝ չնայած վերջին շրջանում ինձ մոտ հարցեր են առաջացել արդյոք այն այնքան կարևո՞ր է, որքան մեզ թվում է, կամ գուցե հետո շատ ավելի կարևոր լինի, քան հիմա է, բայց այն հանգամանքը, որ ինչ-որ փաստող բան ստեղծվում է, արդեն լավ է»,-շեշտում է Բալայանն ու հավելում՝ հարցեր կլուծվե՞ն, թե՞ ոչ, դա միայն վավերագրության ուսերին չէ։