Ֆրանսիայում հավաստիացրել են, որ Եվրոպան պնդում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը
2 րոպեի ընթերցում

Եվրոպական երկրներն, արձագանքելով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար Ուկրաինայի տարածքային զիջումների վերաբերյալ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Փարիզում հնչեցրած հայտարարությանը, նշել են ուկրաինական պետության ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում:
«Տարածքային ամբողջականությունը և Եվրոպայի մաս լինելու ճանաչումը եվրոպացիների շատ կարևոր պահանջներն են»,- նշել են Ելիսեյան պալատում։
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում ընդգծել են ընդհանուր մոտեցման մշակման կարևորությունը, որը ԱՄՆ կարող է ներկայացնել ռուսական կողմին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը հայտարարել է Ուկրաինայում հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և այն շփման գծի ներկայիս երկայնքով սառեցնելու անհրաժեշտության մասին։
«Կարծում եմ, հասել է եթե ոչ եզրափակիչ, ապա բառի լայն իմաստով վերջին քայլերից մեկին անցնելու ժամանակը, երբ կողմերը կհայտարարեն մարտերը դադարեցնելու, ներկայիս բաժանարար գծերը սառեցնելու մասին»,- հայտարարել էր Վենսը։
Նա պարզաբանել էր, որ այս տարբերակը ենթադրում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի պատրաստակամությունը գնալ որոշակի տարածքային զիջումների։