Տնտեսություն

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

3 րոպեի ընթերցում

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի թիմը ապրիլի 22-ին Աշտարակում, Արագածոտնի մարզպետարանի դահլիճում անցկացրել է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շահառու ընտանիքների առաջին տեսական դասընթացը՝ «Ջերմատնային աշխատանքների ճիշտ կազմակերպում» թեմայով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամից, 5 ժամ տևողությամբ ինտենսիվ դասընթացը վարել է գյուղատնտեսական ոլորտի փորձառու մասնագետ Արտավազդ Ղազարյանը, ով մասնակիցներին ներկայացրել է ջերմոցային տնտեսության կազմակերպման հիմնարար սկզբունքները՝ հաշվի առնելով տեղական կլիմայական առանձնահատկությունները, հողի մշակման նրբությունները և բերքատվության բարձրացման գործոնները։

«Դասընթացի ընթացքում շահառուները ոչ միայն ակտիվ լսում էին, այլև բարձրաձայնում էին իրենց հարցերը՝ կապված բանջարաբոստանային մշակաբույսերի, հատապտուղների, բրոկոլիի, ծնեբեկի և անգամ ծաղիկների աճեցման հետ։ Մասնակիցները նաև կիսվում էին նախկինում իրենց ունեցած փորձով՝  ճշտելով ունեցած տեղեկությունները սերմերի տեսակների, պարարտանյութերի և դրանց կիրառման ձևերի վերաբերյալ:

Դասընթացը ոչ միայն հագեցած և տեղեկատվական էր, այլև ոգեշնչող՝ օգնելով մասնակիցներին վերջնական կողմնորոշվել, թե ինչ են պատրաստվում աճեցնել իրենց նոր ջերմոցներում։

Առջևում գործնական ուսուցումներն են և ճանաչողական այցերը՝ իրական ջերմատնային տնտեսություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Տնտեսապես կայուն ընտանիքներ»  նախաձեռնության նպատակն է նպաստել 2023թ․-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների գյուղատնտեսական կարողությունների և բիզնես մտածելակերպի զարգացմանը, տնտեսապես կայունացմանը, մարզում և համայնքում ինտեգրմանը և ՀՀ-ում մշտապես հաստատմանը: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը Կիպրոսի կառավարության կողմից ստացած դրամաշնորհի միջոցով ՀՀ Արագածոտնի մարզի երեք համայնքներում՝ Աշտարակ, Թալին, Ապարան, և Լոռու մարզի չորս համայնքներում՝ Սպիտակ, Ալավերդի, Փամբակ, Ստեփանավան մշտական բնակություն հաստատած 20 ընտանիքի տրամադրել  է 250 քմ մակերեսով ջերմատներ: Առաջիկայում կտեղադրվեն նաև կաթիլային ոռոգման և ջեռուցման համակարգերը, ինչպես նաև շահառուներին կտրամադրվեն սերմեր և սածիլներ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում