Երևանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքի զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով
5 րոպեի ընթերցում

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքի զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ի պատիվ Կունանբաևի՝ զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է նրա հուշատախտակը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, պաշտոնյաներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի կապակցությամբ, ընդգծել է, որ մշակութային օրերը հրաշալի հնարավորություն են բացահայտելու Ղազախստանի մշակութային ժառանգությունը՝ գրականությունը, երաժշտությունը, պարերն ու ավանդույթները, միաժամանակ խթանելու երկու ժողովուրդների մշակութային երկխոսությունը։
«Մշակութային օրերի շրջանակում անցկացվող միջոցառումները կարևոր են ոչ միայն մշակութային արժեքների պահպանման, տարածման և փոխճանաչման առումով, այլև երկկողմ համագործակցության ամրապնդման լավագույն խթանն են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարևորում է Ղազախստանի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ որպես կայուն արդյունավետ համագործակցություն»,- ասել է Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող այգու անվանակոչությունը Աբայ Կունանբաևի անունով երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսության կարևոր խորհրդանիշ է, ինչպես նաև հարգանքի տուրք մեծ գրողի, մտածողի ու ղազախ գրականության հիմնադիրներից մեկի հիշատակին։
«Կունանբաևի այգին դառնում է նոր մշակութային տարածք՝ համատեղ միջոցառումների, արարողությունների ու ստեղծագործ հանդիպումների համար։ Այս անվանատախտակը կարող է դառնալ խորհրդանշական վկայագիր՝ մշակութային երկխոսության և պատմական կապերի մասին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարությանը, Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանությանը և մյուս գործընկրներին նախաձեռնության իրագործման և արդյունավետ համագործակցության համար։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Աիդա Բալաևան՝ ընդգծելով, որ այգու անվանակոչման արարողությունը պատմական իրադարձություն է։
«Երևանի այս հատվածում գտնվող զբոսայգին դառնում է մեր ժողովուրդների միջև մշակութային կապերի վառ խորհրդանիշ։ Կունանբաևի ստեղծագործության մեջ թափանցած հասկացությունները համամարդկային արժեքներ են, որոնք բնորոշում են ողջ մարդկության լավագույն արժեքները։ Աբայը կամուրջ է մշակութների միջև և մարդկային մտքի առաջնորդող լույս»,- ասել է Աիդա Բալաևան՝ նշելով, որ ղազախ բանաստեղծը բազմաթիվ առիթներով անդրադարձել է նաև հայ հեղինակներին։ Նա շնորհակալություն է հայտնել նախագիծն իրականություն դարձնող բոլոր կողմերին և ընդգծել․ «Թող այս նշանակալի իրադարձությունը դառնա Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների համագործակցության նոր փուլի սկիզբը»։
Միջոցառման շրջանակում երկու նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև ծառատունկի արարողություն, ինչպես նաև հայ և ղազախ պատանիներն ու երիտասարդները հանդես են եկել երաժշտական և պարային կատարումներով։
Աբայ Կունանբաևը լուսավորական շարժման, գրականության ու փիլիսոփայության առանցքային գործիչներից է։ Նա մեծապես նպաստել է ղազախ գրական լեզվի ձևավորմանը, կրթության տարածմանը և ազգային ինքնագիտակցության զարգացմանը։ Նրա «Խրատներ» երկը ճանաչված է նաև հայ ընթերցողների կողմից։ Կունանբաևը հավատացած էր, որ ժողովուրդների իրական առաջընթացը սկսվում է հոգևոր կրթությամբ, արժեքների ընկալմամբ և մտածող մարդու ձևավորմամբ։
2010 թվականից Երևանի պետական համալսարանում գործում է Ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնը, իսկ 2016-ից՝ Ղազախական գրականության կենտրոնը Հայաստանի ազգային գրադարանում։