Սպորտ

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրեր

3 րոպեի ընթերցում

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրեր

Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզական ենթակառուցվածքներում դպրոցահասակ երեխաների լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրերն ու դրանց ֆինանսավորման կարգը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է Կառավարության նիստում։

Կարգը մշակվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի, ինչպես նաև ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության և դրա գործողությունների պլանի դրույթների հիման վրա։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կառավարության քաղաքականությունն է ընդլայնել երեխաների համար սպորտով զբաղվելու հնարավորությունները, այդ թվում՝ մասնավոր հատվածի կողմից շահագործվող ենթակառուցվածքների միջոցով։

Նախարարի խոսքով՝ 2024 թվականից մեկնարկած փորձնական ծրագրով մարզերում ֆինանսավորվում են դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքները, որոնք անցկացվում են մասնավոր լողավազաններում։

Անդրեասյանը տեղեկացրել է, որ Ապարանում, Վանաձորում, Մեծամորում, Իջևանում և Հրազդանում հարյուրավոր երեխաներ ծրագրի շրջանակում սովորում են լող, իսկ նրանցից մի քանիսն արդեն մասնակցում են նաև մարզական մրցումների։

Ընդունված կարգով սահմանվում են պահանջներ ինչպես մարզական ենթակառուցվածքների, այնպես էլ մարզիչների որակավորման և ուսումնամարզական ծրագրերի բովանդակության նկատմամբ։

Յուրաքանչյուր մարզաձևից ուսումնական ծրագրերը կիրականացվեն երկու տարիքային խմբերի համար՝ երեքական ենթախմբով։ Կսահմանվեն նաև յուրաքանչյուր տարիքային խմբում պարապողների առավելագույն քանակը, շաբաթական ուսումնամարզական գործընթացի տևողությունը և հաճախականությունը։

Նախատեսվում են նաև թվային հարթակով գրանցման, հետագայում՝ մոնիտորինգի հնարավորություններ, ինչպես նաև ուսումնամարզական գործընթացի ավարտին նախատեսվող արդյունքների չափորոշիչներ։

«Կիրականացվեն դրամաշնորհային մրցույթներ։ Այս չափորոշիչներին համապատասխանող կառույցները կկարողանան դիմել և մրցութային գործընթացը հաղթահարելու դեպքում տվյալ համայնքում մեկնարկել պետական դպրոցների համապատասխան տարիքային խմբերի երեխաների գրանցումը»,- ասել է Անդրեասյանը՝ հավելելով, որ կձևավորվեն նաև սպասման խմբեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը՝ ընդգծելով, որ մարզական ենթակառուցվածքները պետք է հասանելի լինեն բոլոր երեխաների համար։

«Հանրապետությունում չպետք է լինի երեխա, որ առնվազն մեկ-երկու այլընտրանքային տարբերակ չունենա սպորտով, ակտիվ կյանքով զբաղվելու։ Սա մեր պարտավորությունն է, մենք պետք է սա անենք»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը նաև ընդգծել է այս հարցում պետության և մասնավոր հատվածի համագործակցության կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում