Հայաստան

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եգիպտոսի նորանշանակ դեսպանին

3 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եգիպտոսի նորանշանակ դեսպանին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Ամալ Աֆիֆիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Եգիպտոսի համալսարանի նախագահ և հայագիտության պրոֆեսոր Մոհամեդ Ռեֆաատ Ալ-Իմամը և գրող, արձակագիր, Եգիպտոսի հեռուստահաղորդավար, դոկտոր Սաֆաա Էլ-Նագգարը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ դիվանագիտական առաքելություն։ Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնպաստի Հայաստան-Եգիպտոս միջպետական հարաբերությունների զարգացմանը և նոր ծրագրերի  իրագործմանը, մասնավորապես, կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում:

Դեսպան Ամալ Աֆիֆին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով հատկապես մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման ուղղությամբ առավելագույն ջանքերի ներդրման պատրաստակամությունը: Այս համատեքստում նա նախարարին է ներկայացրել առաջիկայում Եգիպտոսում նախատեսվող միջոցառումների ծրագիրը:

Նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնակի անդրադարձել է նաև պատվիրակության կազմում ընդգրկված եգիպտացի մտավորականների գործունեությանը՝ նրանց հետ կապերի ամրապնդումը դիտարկելով որպես երկու ժողովուրդների միջև բարեկամության խորացման կարևոր հնարավորություն։ Այս համատեքստում նա բարձր է գնահատել պրոֆեսոր Մոհամեդ Ռեֆաատ Ալ-Իմամի երկարամյա գործունեությունը հայագիտության, Հայաստանի պատմության և Եգիպտոսի հայկական համայնքի պատմության ուսումնասիրության ու հանրահռչակման գործում՝ ընդգծելով, որ նման գիտական աշխատանքը կարևոր ներդրում է Հայաստան-Եգիպտոս մշակութային երկխոսության ամրապնդման գործում։

Մոհամեդ Ռեֆաատ Ալ-Իմամը երկար տարիներ աջակցել է Կահիրեի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեությանը, ղեկավարել է արաբերեն հայագիտական «Արեգ» (AREG) ամսագրի խմբագրությունը, որն էական դեր է ունեցել հայության վերաբերյալ գիտելիքի տարածման գործում արաբալեզու ընթերցողների շրջանում։

Գրող, արձակագիր, Եգիպտոսի հեռուստահաղորդավար, դոկտոր Սաֆաա Էլ-Նագգարը ևս ներկայացրել է իր գործունեությունը։

Նշվել է, որ կողմերը կարող են համագործակցել նաև Գրքի միջազգային փառատոնի շրջանակում՝ թարգմանական ծրագրերի իրականացմամբ։  

Հանդիպմանը  քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում