ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Խերարդո Միլեյին Անկախության տոնի առթիվ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է․
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի առիթով:
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Գոհունակությամբ եմ փաստում մեր երկրների միջև առկա ամուր փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, որի վկայությունն են տնտեսական, տեխնոլոգիական, կրթական և մշակութային ոլորտներում ակտիվ համագործակցությունն ու վերջին շրջանում արձանագրված ձեռքբերումները:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակենք հարստացնել և կատարելագործել Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության»: