Գեղեցկության վարպետը. Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Ջիմ Թորոսյանին նվիրված յուրահատուկ ցուցահանդես բացվեց
7 րոպեի ընթերցում

Գեղեցկության վարպետը. այսպես են անվանում ականավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանին, որի համահեղինակությամբ թե՛ Երևանում, թե՛ մայրաքաղաքից դուրս ստեղծվել են շքեղ ճարտարապետական կոթողներ, որոնք դարձել են մեր մշակութային ինքնության անբաժանելի մասը։
Այդ կոթողներից են «Կասկադ» համալիրը, Օշականի հայոց գրերի հուշարձանը, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը, Երևանի քաղաքապետարանի նախկին և այժմյան շենքը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանով, Սպիտակի կենտրոնական հրապարակը, աչքի ընկնող հասարակական և առողջապահական տարբեր կառույցներ։

Թորոսյանի նախագծերով են կառուցվել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող Սուրբ Վարդան Մամիկոնյանի և Սուրբ Հովհաննես Մկրտչի անունը կրող մատուռ-մկրտարանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի հարևանությամբ գործող Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին, ճեմարանի նորակառույց հանդիսությունների սրահը, Մայր Աթոռի բացօթյա մուտք-խորանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ճարտարապետի 100-ամյա հոբելյանի առթիվ հուլիսի 6-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» ցուցասրահում բացվեց «Ջիմ Թորոսյան. գեղեցկության վարպետը» խորագրով ցուցահանդեսը։
Թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանի խոսքով՝ Թորոսյանն իր ոլորտում ամենից տաղանդավորն էր, ամենալայն մտահորիզոնն ունեցող մասնագետն էր, որի գործերն ու թողած ժառանգությունն ամփոփում են հարուստ գիտելիքներ։

«Այդ գիտելիքները համաշխարհային ճարտարապետական դպրոցի ուսումնասիրությանն էին միտված, աշխարհի բազմակողմանի ճանաչմանն ու մեծ վարպետների դպրոցն անցնելու հիմքերի վրա էին ձևավորվել։ Ջիմ Թորոսյանի թողած ժառանգությունը հսկայական է. նրա ստեղծագործություններն ինքնանպատակ չէին, ծնվում էին պատմական հիշողությունից, գալիս էին տեղանքի առանձնահատկությունից, հասարակական նշանակությունից։ Նրա ստեղծագործություններն ի վերջո դարձան կարևորագույն մշակութային խորհրդանիշներ, որոնք ծնվեցին 1954-ից 2004 թվականը, և նրա համահեղինակությամբ, համահեղինակ ճարտարապետների մասնակցությամբ մենք ունեցանք մեր հանրապետությունը զարդարող կոթողային գլուխգործոցներ։ Այդ գլուխգործոցներից շատերի նախագծերը ներկայացված են մեր ցուցահանդեսում»,-ընդգծեց Հայրապետյանը։
1971-ից 1981 թվականները Ջիմ Թորոսյանը եղել է Երևանի գլխավոր ճարտարապետն ու կարևորել է մայրաքաղաքի պատմական և բնական միջավայրի անխաթարությունը։
Թանգարանի տնօրենը նշեց, որ ցուցահանդեսը ոչ միայն վերաիմաստավորում և վերարժևորում է Թորոսյանի ժառանգությունը, այլև ներկայացնում է հայկական ժամանակակից ճարտարապետության դերն ապագայի և պատմության միջև երկխոսության գործում։

«Թորոսյանը ճարտարապետների սերունդներ է կրթել։ Նա իրեն ուսուցիչ էր համարում Սամվել Սաֆարյանին, Ռաֆայել Իսրայելյանին, Կարո Հալաբյանին, Գրիգոր Աղաբաբյանին և մշտապես մեծագույն ակնածանքով էր խոսում ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի մասին՝ ասելով, որ իր ամբողջ միտքը, հուզմունքը, վերաբերմունքը գնում են դեպի մեծն վարպետը՝ Ալեքսանդր Թամանյանը»,-պատմեց տնօրենն ու խորհրդանշական համարեց այն փաստը, որ երկրորդ անգամ են թանգարան-ինստիտուտի «Թամանյան» ցուցասրահում Թորոսյանի ժառանգությանը նվիրված հոբելյանական ցուցահանդես բացում։
Կարևորելով Ջիմ Թորոսյանի արվեստանոցում երկար տարիներ գործունեություն ծավալած ճարտարապետների դերը՝ ցուցադրությամբ փորձ է արվել նաև լույս սփռել նրանց գործունեության վրա։
Ցուցահանդեսը համադրել է թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, ճարտարապետ Կարեն Բալյանը, որը նաև «Ճարտարապետ Ջիմ Թորոսյան. Maestro di bellezza» գրքի հեղինակն է։

Նա Ջիմ Թորոսյանին 20-րդ դարի վերջի 21-րդ դարասկզբի եվրոպական մտածողությամբ խոշորագույն ճարտարապետներից է համարում։ Բալյանը խոստովանեց, որ իր հայրը՝ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանն է իրեն ուղղորդել դեպի ճարտարապետություն և որպես փայլուն ճարտարապետի օրինակ բերել է Ջիմ Թորոսյանին։
Բալյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ են մեկ ցուցահանդեսում ներկայացնում Թորոսյանի և՛ նախագծային աշխատանքները, և՛ գրաֆիկական գործերը, որոնք անկրկնելի են։
«Երբ նայում ենք նրա աշխատանքներին, տեսնում եք, թե ինչպես է ընկալել աշխարհի ճարտարապետությունն ու ինչպես է այն վերարտադրել ազգային գաղափարով, ժամանակակից ձևով։ Ցուցադրությունը կազմակերպված է իբրև ճարտարապետության տաճար, որը բաղկացած է առանձին ճարտարապետական տարրերից՝ նախամուտք, նախասրահ, երկու խորաններ, նույնիսկ վարագույր կա, կենտրոնական մասը կոչվում է «ցելլա», որտեղ ճարտարապետն է, որտեղ նրա ձայնն է հնչում։ Ցուցադրությունն ավարտվում է նրա կյանքի վերջին շրջանի գլուխգործոցներով՝ Սպիտակի կենտրոնական հրապարակային համալիրը, Երևանի քաղաքապետարանի շենքը, Սրբոց հրեշտակապետաց եկեղեցին»,- մանրամասնեց Բալյանը։
Նա ընդգծեց, որ Սպիտակի հրապարակը, որը 1990-ականների վերջին է նախագծվել, հետաքրքիր պատմություն ունի. Սպիտակի քաղաքապետը Թորոսյանին խնդրում է հրապարակ նախագծել, Թորոսյանը զարմանքով ասում է, որ քաղաքն ավիրված է, և Սպիտակին բնակելի շենքեր են պետք, բայց քաղաքապետը պնդում է, որ հրապարակ է անհրաժեշտ։ «Ինչպես Թամանյանը վերածննդի քաղաք նախագծեց, այնպես էլ Ջիմ Թորոսյանը նպաստեց Սպիտակի վերածննդին։ Վարպետության ու նրբագեղության համադրություն է այն»,-եզրափակեց Կարեն Բալյանը։
Հոբելյանական ցուցադրությունը, որին ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, իրականացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Ջիմ Թորոսյանի ընտանիքի աջակցությամբ և հովանավորությամբ։