Իրավունք

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

3 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

ՀՀ քննչական կոմիտեն հերքում է Ishkhanutyun.am և armlur.am լրատվական կայքերի կողմից հրապարակված և այլ կայքերում տարածվող տեղեկությունը, թե քննիչները՝ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը նշել է, որ հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Այն չի համապատասխանում իրականությանը, օբյեկտիվ փաստարկումներից զրկված, մտացածին զրպարտություն է և նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը շեղել իրականությունից»,-ասված է հաղորդագրության մեջ։

ՔԿ-ից հայտնում են, որ օգոստոսի 21-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի և նրա հետ ընկերական ու ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի երկու քննիչների՝ բաժնի դիմաց ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ։

Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության նշված ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս երկու անձ։

ՔԿ-ի հաղորդմամբ՝ ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Կիմա Ավդալյանի խոսքով՝ լրատվական հրապարակման մեջ տեղ գտած՝ ոստիկանին ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ պնդումները նույնպես չեն համապատասխանում իրականությանը։ Նրա տեղեկացմամբ՝ ոստիկանության աշխատակիցը օգոստոսի 21-ին ձերբակալվելուց անմիջապես հետո, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի միջոցով, վարույթն իրականացնող մարմնին հայտարարություններ է ներկայացրել իրեն ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ։ Դրանից հետո վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կազմակերպել է ձերբակալվածի բժշկական զննությունը ինչպես վարչական շենքում, այնպես էլ համապատասխան բուժհաստատություններում։

ՔԿ-ի փոխանցմամբ՝ զննությունների արդյունքներով ևս չի հաստատվել ենթադրյալ բռնության ենթարկվելու հանգամանքը։

«Այսպիսով, լրատվական կայքի կողմից կատարված հրապարակումը նպատակ է հետապնդում հանրության մեջ խեղաթյուրել վարույթի փաստական հանգամանքները և միջամտել նախաքննության բնականոն ընթացքին»,-նշել է ՔԿ մամուլի քարտուղարը։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհետաձգելի ապացուցողական և այլ վարութային գործողություններ՝ ենթադրյալ հանցագործության դեպքը բացահայտելու և բոլոր մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում