Սպորտ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սեպտեմբերի 10–13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է նախարարությունից՝ մանրամասնելով, որ նիստին մասնակցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը, մրցաշարի կազմակերպման խորհրդատվական աշխատանքներն իրականացնող RCS ընկերության տնօրեն Նապոլի Միկելլեն, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին՝ ընդգծելով, որ նման մասշտաբի միջազգային մրցաշարի հաջող անցկացումը հնարավոր է միայն շահագրգիռ կառույցների համագործակցված աշխատանքի արդյունքում:

Նշվում է, որ նիստում քննարկվել են մրցաշարի ժամանակացույցին, կազմակերպման խնդիրներին և երթուղիների վերջնականացմանն առնչվող հարցեր․ մշակված տարբերակները ներառում են Երևանի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու ճանապարհային հատվածները։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է մրցաշարի միջոցով Հայաստանի բնության, հարուստ պատմամշակութային ժառանգության և երկրի տարբեր բնակավայրերի զբոսաշրջային գրավչության առավել արդյունավետ ներկայացման կարևորությունը։ Նշվել է, որ «Tour of Armenia»-ն կարևոր հնարավորություն է ոչ միայն միջազգային մարզական օրացույցում Հայաստանի դիրքերն ամրապնդելու, այլև երկրի զբոսաշրջային ներուժը միջազգային հանրությանը ներկայացնելու տեսանկյունից։

Նախատեսվում է, որ «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարին կմասնակցեն 18 թիմեր, որոնցից յուրաքանչյուրում կընդգրկվեն 6-ական հեծանվորդներ։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստան կժամանեն ավելի քան 300 պատվիրակներ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և այլ պատասխանատուներ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում