Պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը նաև հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»,-նշված է հաղորդագրության մեջ։