Տեղի է ունեցել ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը
4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգին ընդառաջ ապրիլի 18-ին տեղի է ունեցել 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, բացմանը խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման առաջին հատվածում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցը՝ հանգամանորեն անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված քայլերին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում իրականացված իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ կարևորելով, ի թիվս այլոց՝ խոցելի խմբերի պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարը, խտրականության բացառումը: Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաև այն մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն իր միջազգային պարտավորություններն իրականացնելիս:
Նշվում է, որ հանդիպման երկրորդ հատվածում ՀՀ ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը ներկայացրել է Հայաստանի նոր նախաձեռնությունը՝ Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմը:
Անդրադառնալով մեխանիզմի առավելություններին՝ նա ընդգծել է, որ այն ուղղված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման, սահմանված ժամկետներում մոնիթորինգային մարմիններին ներկայացվող զեկույցների նախապատրաստման ու պետությանը տրված հանձնարարականների հետագա ընթացքի ապահովման արդյունավետության բարձրացմանը: Շեշտվել է, որ այս Մեխանիզմի արդյունավետ կիրառման պարագայում այն կարող է դառնալ մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի բաղկացուցիչ մաս՝ փոխկապակցելով մարդու իրավունքների միջազգային և տարածաշրջանային նորմերն ազգային առաջնահերթությունների հետ:
Համընդհանուր պարբերական դիտարկումը 2006թ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված ընթացակարգ է, որի համաձայն՝ ՄԱԿ-ի 193 անդամ-պետություններ 4.5 - 5 տարին մեկ անգամ ներկայացնում են մարդու իրավունքների վերաբերյալ ձեռնարկված քայլերը: Հայաստանի Հանրապետության ՀՊԴ երրորդ շրջանի զեկույցի քննարկումը տեղի է ունեցել 2020թ., որի շրջանակներում Հայաստանը ստացել է 252 հանձնարարական, որոնցից 239-ը ընդունվել է:
2025թ. մայիսի 1-ին նշյալ ընթացակարգի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը Ժնևում ներկայացնելու է մարդու իրավունքների ոլորտում 2020թ. ի վեր Հայաստանի ձեռնարկած քայլերը, ձեռքբերված առաջընթացն ու առկա խնդիրները: