Մշակույթ

Գյումրիի դրամատիկական թատրոնը հանդիսատեսի դատին հանձնեց «Կոստյումով տղամարդիկ» կատակերգությունը

2 րոպեի ընթերցում

Գյումրիի դրամատիկական թատրոնը հանդիսատեսի դատին հանձնեց «Կոստյումով տղամարդիկ» կատակերգությունը

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդիսատեսի դատին հանձնեց ամերիկացի դասական Ռեյ Բրեդբերիի «Վանիլային գույնի հրաշալի կոստյումը» պատմվածքի հիման վրա բեմադրված նոր կատակերգություն՝ «Կոստյումով տղամարդիկ»։ Բեմադրությունն ու երաժշտական ձևավորումն իրականացրել է Մերի Մարգարյանը, նկարչական ձևավորումը և զգեստները՝ Նելլի Բարսեղյանը։

Ներկայացումը պատմում է Մեքսիկայի աղքատ թաղամասում ապրող վեց երիտասարդի մասին, ովքեր հավատում են, որ իրենց կյանքը կարող է փոխվել, եթե նրանք ունենան միայն մեկ՝ վանիլային պաղպաղակի գույնի գեղեցիկ կոստյում։ Սակայն միայնակ այն գնելը նրանց համար անհնար է, ուստի նրանք որոշում են համախմբվել, գնել այդ երազանքի հագուստը և կիսել այն՝ յուրաքանչյուրը կես ժամով կրելով։ Երիտասարդները վստահ են՝ այս կոստյումը կարող է դառնալ իրենց հնարավորությունների ճանապարհը։

Սա երիտասարդ ռեժիսոր Մերի Մարգարյանի առաջին համագործակցությունն է Գյումրիի դրամատիկական թատրոնի հետ։ «Եթե հնարավորություն լինի, մեծ սիրով կշարունակեմ աշխատել թատերախմբի հետ։ Այստեղ բոլորը՝ դերասաններից մինչև տեխնիկական անձնակազմ, ամբողջությամբ տրվում են գործին, որպեսզի ներկայացումը ստացվի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ռեժիսորը։

2025 թվականը հոբելյանական է Գյումրիի դրամատիկական թատրոնի համար։ Թատրոնը նշում է իր հիմնադրման 160-ամյակը։ 

«Տարին ամփոփելու ենք հոկտեմբերին՝ Գյումրու միջազգային թատերական փառատոնով և նոր առաջնախաղով»,-ներկայացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ թատրոնը մեծապես կարևորում է նոր, երիտասարդ ռեժիսորների և դերասանների ներգրավումը։ «Այս ներկայացման ռեժիսորը երիտասարդ է, ինչպես նաև դերասանների մեծ մասն առաջին անգամ է ներկայանում բեմում։ Ինձ համար կարևոր է, որ լինի փորձի փոխանակում և հնարավորություն՝ նոր սերնդի մասնագետների համար»,-նշեց նա՝ հատկապես կարևորելով հումորային ներկայացումների դերը թատրոնի խաղացանկում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում