Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն Գազայում հրադադարի շուրջ նոր առաջարկ է ներկայացրել ՀԱՄԱՍ-ին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Գազայում հրադադարի շուրջ նոր առաջարկ է ներկայացրել ՀԱՄԱՍ-ին

ԱՄՆ-ն Կատարի միջնորդների միջոցով նոր առաջարկ է փոխանցել ՀԱՄԱՍ-ին՝ փորձելով ազատել ամերիկացի պատանդ Էդան Ալեքսանդերին և վերսկսել Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների:

Ինչպես հայտարարել են աղբյուրները, առաջարկով նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես գա հայտարարությամբ՝ կոչ անելով հանգստություն պահպանել Գազայում և վերսկսել բանակցությունները մշտական ​​հրադադարի շուրջ՝ Ալեքսանդերին ազատ արձակելու դիմաց:

Հայտնի չէ՝ արդյոք ՀԱՄԱՍ-ը կընդունի այս առաջարկը։

«Դեռ համաձայնություն չկա»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Իսրայելցի պաշտոնյան հայտարարել է, որ նոր առաջարկն «ավելի շուտ գաղափար է, որը լիովին հստակ կամ մշակված չէ»:

Մինչդեռ արաբ դիվանագետը, խոսելով The Times of Israel հրատարակության հետ, կասկած է հայտնել, թե ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Ալեքսանդերին ազատ արձակել միայն Թրամփի հայտարարության դիմաց։ Նրա կարծիքով՝ պաղեստինյան շարժումը կպահանջի ավելի էական ինչ-որ բան։

Արաբ դիվանագետի խոսքով՝ Կատարի և Եգիպտոսի միջնորդները Դոհայում ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ հանդիպել են մարտի 27-ի երեկոյան՝ քննարկելու ԱՄՆ-ի վերջին առաջարկը:

Թե Իսրայելն ինչպես կարձագանքի դրան, նույնպես պարզ չէ:

Մարտի 27-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խորհրդակցություններ է անցկացրել իր անվտանգության ծառայությունների պետերի և գլխավոր խորհրդականների հետ՝ քննարկելու այդ հարցը։

Axios-ը հաղորդում է, որ Եգիպտոսը մի քանի օր առաջ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ հանդիպում է անցկացրել Կահիրեում՝ մեկ այլ առաջարկ քննարկելու համար՝ փորձելով շարունակել բանակցությունները:

Նշվում է, որ Գազայի սահմաններից դուրս գործող ՀԱՄԱՍ-ի առաջնորդները պատրաստ են եղել համաձայնել Եգիպտոսի առաջարկին, սակայն Գազայում շարժման ռազմական առաջնորդ Մոհամմեդ Սինվարը մերժել է այն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում