Երևանում տեղի է ունեցել Իրանի ԱԳ նախարարի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որի նախաբանը գրել է Արարատ Միրզոյանը
3 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
«Այս պատերի ներսում, այս գրքի շնորհանդեսը պատահական չէ։ Սա ևս մեկ ապացույց է Հայաստան-Իրան փոխըմբռնման, բանակցության ուժի իմաստավորման, և, իհարկե, անխախտ բարեկամության:
Մեր երկու երկրները, ապրելով իսկապես բարդ տարածաշրջանում, անցնելով պատմության տարբեր հորձանուտների միջով՝ առանձնակի կարևորություն են հաղորդում դիվանագիտությանը՝ այն համարելով անվտանգության և կայունության ապահովման կարևորագույն գործիք:
Նախարար Արաղչիի գիրքը կրկին փաստում է, որ միջազգային և տարածաշրջանային բնույթի հարցերի կարգավորման արդյունավետ բանաձևը դիվանագիտությունն է, և ես լիովին կիսում եմ այս մոտեցումը։
Դոկտոր Արաղչին իր գրքում նշում է. «Դիվանագիտությունը խաղ չէ, որտեղ պարտադիր պետք է հաղթել, այն գործընթաց է, որտեղ պարտադիր պետք է հասկանալ դիմացինին»։ Կարծում եմ սա առանցքային, հիմնարար դրույթ է, առանց որի գիտակցման հնարավոր չէ դիվանագիտական լուծումներ ակնկալել և փնտրել:
Այս աշխատությունը ոչ միայն նկարագրում է բանակցային գործընթացի տեխնիկական մանրամասները, այլև վերլուծում է դիվանագիտության հոգեբանական, քաղաքական, ազգային, մշակութային շերտերը։ Հեղինակը կարծես բացում է դուռը և ներս է ուղեկցում բանակցային դռներից այն կողմ ընթերցողին՝ ծանոթացնում է բանակցությունների ընթացքին, նրբություններին, մատնանշում է յուրաքանչյուր բառի կարևորությունը և նաև չարտաբերած խոսքի արժեքը:
Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ գրքի հայերեն թարգմանությունը հնարավորություն կտա նաև հայ երիտասարդներին և հայ դիվանագետներին ընդլայնել բանակցային հմտությունների վերաբերյալ իրենց գիտելիքները, և ընդհանրապես կդառնա աշխատանքային ձեռնարկ բոլոր նրանց համար, ովքեր գերադասում են փոխըմբռնումը և համերաշխությունը:
Նախարար Արաղչիին մաղթում եմ ստեղծագործական նոր հաջողություններ: Շնորհավորում եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառման շրջանակում նշել է Արարատ Միրզոյանը.
Գրքի նախաբանը գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Գրքի շնորհանդեսին խոսքով հանդես են եկել նաև Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել մարտի 24-ին։