ԿԳՄՍ նախարարը Գյումրիում հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստմանը

5 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մարտի 24-ին այցելել է Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով:

Ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 250 ուսուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է դասասենյակներում, հետևել վերապատրաստումների ընթացքին, զրուցել ուսուցիչների հետ և հաջողություն մաղթել նրանց:

Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը և Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը:

ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի շրջանակում Շիրակի մարզի ավելի քան 70 դպրոցներում հիմնվել են լաբորատորիաներ՝ համալրված բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով և ուսումնական նյութերով:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով վերապատրաստման մասնակիցներին, նշել է, որ բնագիտական և տեխնոլոգիական առարկաների դասավանդման որակի բարելավումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր ուղղություններից է: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցներում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովումը՝ ընդգծելով, որ 540 դպրոցներ արդեն ստացել են «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաներ:

«Լաբորատորիաների հագեցվածությունը հնարավորություն է տալիս իրականացնել գործնական աշխատանքներ՝  առարկայական նոր չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան: Վստահ եմ՝ այս վերապատրաստումները կօգնեն հնարավորինս մանրամասն ու մանրակրկիտ ծանոթանալ լաբորատորիաների կառուցվածքին, ինչպես նաև ստանալ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, որոնք թույլ կտան  լաբորատոր աշխատանքներն իրականացնել ավելի արդյունավետ:

Լաբորատորիաները պետք է դատարկ չմնան. անհրաժեշտ է իրականացնել տարաբնույթ ծրագրեր, նախագծային աշխատանքներ՝ ակտիվորեն խրախուսելով   երեխաները ընդգրկումը,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սարքավորումների ցանկերը և ամբողջական բնութագրերը կազմվել են՝ ըստ առարկայական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների:

ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել՝ համատեղ աշխատանքի արդյունքում կրթության որակի էական բարելավում է արձանագրվելու: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է TIMSS 2023 հետազոտությունում Հայաստանի մասնակցության տվյալներին, համաձայն որոնց՝ մաթեմատիկայի ուսուցման արդյունքների էական առաջընթաց է արձանագրվել։

«Շատ մեծ աշխատանք ունենք անելու: Համոզված եմ՝ հաջորդ հետազոտության արդյունքներով կտեսնենք, որ ստեղծված լաբորատոր ենթակառուցվածքները ծառայել են իրենց նպատակին, և մեր երեխաներն ավելի տեսանելի են պատկերացնում տեսական գիտելիքի կիրառությունը: Վերլուծությունները ցույց են տալիս, որ  երեխաները դժվարանում են հատկապես ստացած գիտելիքի կիրառական նշանակությունը պատկերացնելու հարցում: Կարծում եմ՝ լաբորատորիաները կնպաստեն խնդիրը լուծմանը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ուսուցիչները պետք է լինեն վերապատրաստման գործընթացի ակտիվ մասնակիցներ:

Ժաննա Անդրեասյանը հիշատակել է նաև պետության խրախուսման ծրագրերը՝ ուղղված ԲՏՃՄ առարկաների գրավչության բարձրացմանը՝ հիշեցնելով, որ ԲՏՃՄ ուսուցիչները 25 տոկոս հավելավճար են ստանում: 

Ծրագրի շրջանակում մշակվել են ուսուցիչների վերապատրաստման մոդուլները, որոնք հասանելի են նաև առցանց հարթակում: Վերապատրաստումներն իրականացնում են մրցութային կարգով ընտրված փորձագետները: Ուսուցիչներին մեթոդական աջակցություն ապահովելու նպատակով կպատրաստվեն նաև ցուցադրական տեսանյութեր, որոնցից ուսուցիչները կարող են օգտվել սարքավորումներն օգտագործելիս: Վերապատրաստման նյութերն ու ցուցադրական տեսանյութերը վերաբերում են լաբորատոր սարքավորումների շահագործմանը և ընթացիկ սպասարկմանը, ինչպես նաև դասապրոցեսում սարքավորումների օգտագործմանը՝ դասավանդման ժամանակակից մեթոդաբանության և թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառմամբ: 

Հայերեն

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում