Իրավունք

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ձերբակալված և կալանավորված անձանց բժշկական զննության ենթարկելու մասին նախագծին

3 րոպեի ընթերցում

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ձերբակալված և կալանավորված անձանց բժշկական զննության ենթարկելու մասին նախագծին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին փաթեթին, որով նախատեսվում է ձերբակալվածներին ձերբակալման վայր ընդունելիս՝ բժշկական զննություն իրականացնել բոլոր դեպքերում, այլ ոչ թե միայն մարմնական վնասվածք արձանագրելու դեպքում, ինչպես հիմա է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանության արժանացավ հանձնաժողովի՝ մարտի 20-ի հերթական նիստում։ 

Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշեց, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին փաթեթը բխում է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հանձնարարականից, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» խմբի գործերով վճիռների կատարման հրամայականից։ 

Փոխնախարար Ղազարյանի խոսքով՝ փոփոխություններից մեկով առաջարկվում է, որ ձերբակալվածներին ձերբակալման վայր ընդունելիս՝ բժշկական զննություն իրականացվի բոլոր  դեպքերում, այլև ոչ թե միայն մարմնական վնասվածք արձանագրելու դեպքում, ինչպես հիմա է։

«Ձերբակալված անձինք պետք է բժշկական զննության ենթարկվեն ՁՊՎ բերվելուց ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում, իսկ կալանավորված անձինք կարանտինային բաժանմունք տեղափոխվելիս ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում»,-իր խոսքում նշեց Արմեն Ղազարյանը՝ հավելելով, որ որպես հավելյալ երաշխիք՝ նախատեսվում է նաև, որ բժշկական զննությանը կարողանա մասնակցել նաև ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը։ 

Առաջարկվող նախագծի հարակից զեկուցող, պատգամավոր Արմեն Խաչատրյան էլ նշեց, որ ազատությունից զրկված անձանց բժշական զննության մատչելիության իրավունքը լուրջ երաշխիք է մարդու իրավունքների և խոշտանգումների դեմ պայքարի համատեքստում։ 

Արմեն Խաչատրյանը նաև կոչ արեց բոլոր պատգամավորներ և տարբեր պաշտոնատար անձանց ուշադրության կենտրոնում պահել ոլորտում առկա խնդիրները և հետևողական լինել այդ խնդիրների լուծման ուղիներ գտնելու գործում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում