Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
5 րոպեի ընթերցում

Կառավարությունն Արթուր Նահապետյանին նշանակեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հերթական նիստում Արթուր Նահապետյանին ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նա հիշեցրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է մնացել 2024 թվականի նոյեմբերի 20-ից, երբ կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարականն ընդունվել էր կառավարության կողմից։
««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի համաձայն՝ կոմիտեի նախագահին մրցույթի արդյունքում նշանակում է կառավարությունը 6 տարի ժամկետով։ Առաջին մրցույթը կայացել էր 2025 թվականի հունվարի 20-ին, որի արդյունքում մասնակցած թեկնածուն չէր հաղթահարել սահմանված շեմը։ Այնուհետև հայտարարվել էր նոր մրցույթ, որին դիմած 5 թեկնածուներից 3-ը հաղթահարել էին սահմանված շեմը և ներկայացվել կառավարության քննարկմանը։ Քննարկման արդյունքում առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակել Արթուր Նահապետյանին»,- ասաց Հարությունյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր թեկնածուների հետ երկու փուլով հանդիպումներ և քննարկումներ է ունեցել, ինչից հետո որոշել է Նահապետյանի թեկնածությունը ներկայացնել կառավարության հաստատմանը։
«Ուզում եմ արձանագրել, որ այս եզրահանգումը ինչ-որ առումով համընկել է նաև մրցութային հանձնաժողովի եզրահանգման հետ, որովհետև պարոն Նահապետյանը թե՛ բարեվարքության միավորով, թե՛ ընդհանուր միավորների հանրագումարով առավելագույն թվերն է հավաքել։ Եվ այդ առումով, կարծում եմ, որ սա էլ կարևոր փաստ է արձանագրելու համար»,- ասաց Փաշինյանը։
Արթուր Նահապետյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելը մեծ պատիվ և պատասխանատվություն է իր համար։
«Վստահեցնում եմ, որ գործադրելու եմ առավելագույն ջանք Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ առումով փորձելու եմ ավելի ամրապնդել իրավասու մարմինների հետ համագործակցությունը, անել հնարավորը, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը և դրա արդյունքը տեսանելի լինի առաջնային շահառուի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար»,- ասաց նա։
Արթուր Նահապետյանը ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Գյումրիում։
Ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան։ Արդարադատության առաջին դասի խորհրդական է։ Պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով։
Նախքան Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվելը՝ 2025 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում Նահապետյանը զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ 2023-2025 թվականներին նա աշխատել է որպես Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, իսկ մինչև այդ՝ 2020-2023 թվականներին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, որը վերանայում էր կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը։
Նախկինում զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ. եղել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի բաժնի պետ, այնուհետև դեպարտամենտի պետի տեղակալ (2019-2020 թթ.), ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալ (2018-2019 թթ.), ՊԵԿ հետաքննության վարչության թիվ 1 բաժնի պետ (2017-2018 թթ.)։
Իրավագիտության ոլորտում նա դասավանդել է որպես դասախոս Շիրակի պետական համալսարանում (2015-2018 թթ.)։ Նա նաև աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում՝ որպես դատախազ, այնուհետև դատախազի տեղակալ (2014-2015 թթ.), ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ որպես հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ (2011-2014 թթ.), ինչպես նաև ոստիկանության քննչական ստորաբաժանումներում՝ որպես քննիչ։
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների։
Ամուսնացած է, ունի մեկ երեխա։