Հիմա իմ պարտքն եմ տալիս հավաքականին ու «Փյունիկ»-ին. Վարազդատ Հարոյանի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին
15 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի համար Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը միշտ էլ եղել է այն «դարբնոցներից» մեկը, որը հավաքականին տարբեր տարիների տվել է ֆուտբոլիստների, որոնք իրենց հետևից տարել են ամբողջ ընտրանին:
Մեր օրերում էլ «Փյունիկ»-ը մնում է այն մի քանի հիմնական ակումբներից, որտեղից հավաքական են հրավիրվում տարբեր ֆուտբոլիստներ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումը Վրաստանի հետ մեր ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանի համար հոբելյանական է` 90-րդը: Հարոյանին հանդիպեցինք իր համար այդքան հարազատ «Փյունիկ»-ի մարզաբազայում։ Երբ «Արմենպրես»-ի հատուկ լուսանկարների շարք էինք նկարում, հարակից դաշտում մարզվում էին մոտ 10-12 տարեկան պատանիներ, որոնք աչքերը չէին կտրում Վարազդատ Հարոյանից, նրան նայում էին այնպիսի հիացմունքով, ինչպես փոքրիկ երեխան՝ Ամանորի նվերների տուփին: Երբ քայլում էինք նրանց կողքով, պատանիներից մեկը առիթը բաց չթողեց և ասաց. «Վրաստանին հաղթելու եք չէ՞»:
Վարազդատ Հարոյանն այն բացառիկ ֆուտբոլիստներից է, որը դեռ կարող էր կարիերան շարունակել այլ երկրներում, բայց որոշում կայացրեց վերադառնալ «Փյունիկ», այնտեղ, որտեղ սկսել էր իր ֆուտբոլային ուղին։
Հարոյանի հետ խոսել ենք ազգային թիմի, ֆուտբոլային նոր սերնդի, Վրաստանի հետ առաջիկա խաղերի, ՀՖՖ-երկրպագուներ փոխհարաբերությունների մասին:
-Վարազդատ, սկսելով ամենասկզբից. ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել ֆուտբոլով և եղե՞լ է արդյոք մի պահ, որն ըստ Ձեզ բեկումնային է եղել, որից հետո վերջնականապես որոշել եք, որ ֆուտբոլը Ձերն է:
-Ինձ մանուկ հասակում ֆուտբոլի տարել է հայրս: Այն ժամանակ կար «Նաիրի» մարզադպրոց, ու հենց այնտեղ էլ սկսել եմ ֆուտբոլային ճանապարհս: Ու ամեն ինչ հենց հայրիկիցս էր գալիս, որն ի սկզբանե ասում էր, որ պետք է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնամ: Իմ գլխում միայն դա էր, և, գուցե, հենց դա էլ օգնել է ինձ, քանի որ շատ են երեխաները, որոնք սիրողական ֆուտբոլից հետո չեն շարունակում:
-Վրաստանի դեմ առաջիկա հանդիպումն ազգային թիմի կազմում Ձեզ համար հոբելյանական է` 90-րդը: Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար հավաքականում խաղալը: Եվ հյուսիսային հարևանների հետ «Կովկասյան դերբի» ենք ունենալու: Ինչպիսի՞ կարևորություն ունի այդ հանդիպումը Ձեզ համար:
-Իհարկե, սա դերբի է, այն էլ «Կովկասյան դերբի» է լինելու: Այն իսկապես շատ կարևոր հանդիպում է մեզ համար, հատկապես «դերբի»-ի առումով: Մեծ աժիոտաժ է, տոմսերը վաճառվել են մի քանի ժամվա ընթացքում: Ճիշտ է` այս խաղին մի քիչ կորուստներ ունենք կազմի առումով, բայց հավաքականում միշտ էլ լինում են կորուստներ, ու մենք միշտ ենք փորձել հաղթահարել դա: Ես այդ հանդիպմանը, որը 90-րդն է հավաքականում, նույն տրամադրվածությամբ եմ մոտենում: Սա մեր ազգային հավաքականն է, ոչ թե ակումբային ֆուտբոլ: Մեզ համար կապ չունի՝ հանդիպումն ընկերակա՞ն է, թե՞ ոչ, կապ չունի, թե ինչ մրցակից ունենք։ Բոլոր խաղերին նույնությամբ ենք տրամադրվում: Նույնիսկ ընկերական հանդիպումներն են կարևոր մեր ազգի համար, քանի որ այս օրերին ֆուտբոլը մեծ ուրախություն է տալիս ժողովրդին: Իսկապես ուրախ եմ, որ արդեն 90 հանդիպում եմ անցկացրել հավաքականում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ինձ շատ բան է տվել կարիերայի տեսանկյունից, և ես էլ իմ պարտքն եմ համարում ամեն անգամ պատրաստ գալ ընտրանու կազմ, իմ լավ որակները տալ թիմին թե՛ որպես ավագ, թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես հայ:
-Երբ հերթական անգամ ուսումնասիրում էի Ձեր ակումբային կարիերան, ինձ համար աշխարհագրական քարտեզ գծեցի, որը շատ մեծ տարածություն ներառեց. Հայաստան, Իրան, Ռուսաստան, Ղազախստան, Իսպանիա, Կիպրոս, Չինաստան… ո՞ր առաջնությունը Ձեզ ի՞նչ է տվել և ինչպե՞ս եք հիշում դրանք այժմ:
-Ես սկզբում նույնիսկ չէի էլ կարող մտածել, որ այդպես կստացվի, բայց ստացվեց այդպիսի քարտեզ: Ինքս կայունություն սիրող մարդ եմ, բայց հիմա չեմ բողոքում: Ստացվեց այդպես, ինչը շատ լավ էր ինձ համար: Շատ մայրցամաքներում խաղացի, շատ ժողովուրդների ճանաչեցի: Ես կառանձնացնեմ Իսպանիայի առաջնությունը, բայց ինձ որպես ֆուտբոլիստի ուժեղացրել է Ռուսաստանի առաջնությունը: Երիտասարդ էի, երբ տեղափոխվեցի Ռուսաստանի առաջնություն և այնտեղ խաղացի մոտ 4 տարի: Բայց ինձ համար աշխարհի ամենաուժեղ առաջնությունը եղել ու մնում է Իսպանիայի առաջնությունը: Հենց այնտեղ ես սկսեցի «մեծ ֆուտբոլ խաղալ»: Դժվարություններ կային, իհարկե, քանի որ Ղազախստանի առաջնությունից Իսպանիա տեղափոխվելով՝ խնդիրներ լինում են, ինչպես օրինակ` արագության և այլնի հետ կապված: Կիպրոս տեղափոխվեցի, քանի որ ինձ համար ամենակարևորը իմ ընտանիքն է՝ կինս ու աղջիկներս: Ես փորձեցի նրանց համար պահել «ծովն ու արևը»: Իսկ Չինաստան տեղափոխությունս, անկեղծ եմ ասում, ֆինանսական լավ առաջարկով էր պայմանավորված: Չինաստան տեղափոխության սկզբում վախ ունեի, որ չենք կարողանա հարմարվել, բայց իսկապես սիրել եմ Չինաստանը, չինացիներին ու հատկապես քաղաքը, որտեղ ապրում էի: Իսկ ինչ վերաբերում է չինական լիգայի մակարդակին, ապա կորոնավիրուսի համաճարակից հետո մակարդակն ընկել էր, սակայն հիմա քիչ-քիչ բարձրանում է:
-Գալով Հայաստանի հավաքականին. ազգային ընտրանին նոր գլխավոր մարզիչ ունի` Ջոն վան’տ Սխիպը: Հասկանում եմ, որ դեռ ժամանակի կարիք ունեք նրան ճանաչելու համար, բայց ի՞նչ կարծիք ունեք հոլանդական մարզչական դպրոցի մասին:
-Եթե անկեղծ լինեմ ձեզ հետ, այդքան էլ ծանոթ չեմ հոլանդական մարզչական դպրոցին: Բայց արդեն իսկ ծանոթացել եմ մարզչի հետ, և առաջին տպավորություններս դրական են: Եվ մեկ բան ևս, որ ինձ շատ տպավորեց, այն էր, թե ինչ ասաց նա՝ «մեզ հավաքականում պետք են ֆուտբոլիստներ, որոնք սրտով են խաղում ընտրանու համար»: Ես նրան փոխանցել եմ` նման խնդիր մենք հավաքականում չունենք: Գիտեք, ինձ շատ դուր եկավ այն, որ, լինելով եվրոպական մտածելակերպի կրող, հենց այդպիսի խոսքեր ասաց նա: Լիահույս եմ, որ նրա մոտ կստացվի աշխատանքը հավաքականում, և մենք էլ շատ կօգնենք նրան այդ հարցում:
-Դուք հավաքականի հնաբնակներից, գուցե, ամենահնաբնակն եք: Եղել եք այն «ոսկե սերնդի» հավաքականում, իսկ հիմա ավագի թևկապով երիտասարդներին դուրս եք բերում մարզադաշտ: Ինչպիսի՞ նոր սերունդ ունի Հայաստանի հավաքականը և ի՞նչ ներուժ ունի այս թիմը:
-Երբ արտերկրում էի հանդես գալիս, ամեն կերպ ձգտում էի հետևել նրանց խաղին: Հիմա, երբ «Փյունիկ»-ում եմ, ավելի մոտ եմ նրանց և տեսնում եմ նաև մարզումների ժամանակ: Իսկապես եմ ասում, մեր երիտասարդները մեծ ներուժ ունեն, հավատում եմ նրանց ու միշտ էլ հավատալու եմ: Երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, որոնք արտերկիր են տեղափոխվել ու լավ հանդես գալու դեպքում կարող են օգուտ տալ հավաքականին: Հայաստանի ներքին առաջնությունում տեսնում եմ երիտասարդների, որոնք իսկապես ունեն այդ պոտենցիալը: Բայց, գուցե, մեզ պետք է առավել շատ գնահատել երիտասարդ ֆուտբոլիստներին` հնարավորություն տալով: Կարծում եմ, որ բոլոր ակումբներն են ձգտում այնպես անել, որ հավաքականի համար լավ լինի:
-Վրաստանի դեմ առաջիկա երկու խաղերն Ազգերի լիգայի B, C դիվիզիոնների համար անցումային են լինելու: Երկրպագուները տարակարծիք են՝ Հայաստանի հավաքականի համար առավել լավ կլինի մնալ C ենթախմբում կամ ընտրանուն պետք է տեղափոխվել B ենթախումբ, խաղալ ուժեղ հավաքականների հետ ու աճել: Ինչպիսի՞ կարծիք ունեք Դուք: Մենք բոլորս հասկանում ենք` ֆուտբոլ խաղում են հաղթանակի համար:
-Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի համար կարևոր է յուրաքանչյուր հանդիպում: Չենք կարող տրամադրվել կամ ինչ-որ հաշվարկներ անել: Դժվարանում եմ ասել, թե ինչը շահեկան կլինի: Բարձրանալով B ենթախումբ՝ խաղալու ենք որակապես ուժեղ թիմերի հետ և առավել շատ օգուտ ենք ստանալու:
-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ազգային ընտրանու երկրպագուների փոխհարաբերությունները լարված են: Ինչպե՞ս եք Դուք տեսնում այս խնդրի լուծումը և արդյոք սա կանդրադառնա՞ հավաքականում մթնոլորտի վրա:
-Մենք փորձում ենք շատ չկենտրոնանալ այդ հարցերի վրա: Մեր խնդիրն ազգային թիմի խաղն է: Բոլոր ֆուտբոլիստները պետք է հավաքական գան 100 տոկոսով պատրաստ ու նվիրվեն խաղին 100 տոկոսով: Մենք ունենք երկու խաղ, երկու 90 րոպե: Մյուս հարցերը, լիահույս եմ` լուծում կստանան: Փորձելու ենք պրոֆեսիոնալ լինել ու դաշտում մեր պայքարով ապացուցել դա`հաղթել այս ազգի համար:
-Վարազդատ, ոչ բոլոր ֆուտբոլիստներն են, որոնք դեռևս ունեն արտերկրում հանդես գալու խաղային ներուժ, բայց վերադառնում են ազգային առաջնություն, ինչը Դուք արեցիք: Ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ «Փյունիկ», ինչո՞ւ հիմա: Սա հարգանքի տո՞ւրք է «Փյունիկ»-ին, որտեղից սկսել եք Ձեր պրոֆեսիոնալ ճանապարհը:
-Դեռևս հարցականի տակ էր իմ վերադարձը Չինաստանի առաջնություն, բայց ես մարզվում էի այստեղ`«Փյունիկ»-ի հետ: Այս մարզաբազան, այս դաշտերն ինձ շատ հարազատ են: Եվ հիմա «Փյունիկ»-ում խաղում են իմ ընկերները` Տարոն Ոսկանյանը, Էդգար Մալաքյանը, Արման Հովհաննիսյանը: Ինձ այդ ամենը կանչեց դեպի «Փյունիկ», և կնոջս հետ քննարկումից հետո որոշում կայացրի տուն վերադառնալ, որն ամենաճիշտն էր: Ու հենց «Փյունիկ»-ն է այն թիմը, որն ինձ ամեն ինչ տվել է: Ինձ կրթել են հենց «Փյունիկ»-ում ու ազգային հավաքականում: Ինչպես հիմա իմ պարտքն եմ տալիս հավաքականին, նույն կերպ էլ՝ «Փյունիկ»-ին: Ես ինձ ուրիշ տեղ այլևս չէի պատկերացնում: Մեծ ծրագրեր ունենք, ու ես լիահույս եմ, որ ամեն ինչ ստացվելու է:
-Մտածո՞ ւմ եք արդյոք կարիերան ավարտելուց հետո մարզչական աշխատանքով զբաղվելու մասին:
-Անկեղծ եմ ասում` դեռ չեմ էլ մտածել այդ մասին: Եղիշե Մելիքյանի հետ շփման ընթացքում ինքն է մի քանի անգամ ասել այդ մասին, որ կարող եմ նաև մարզչական աշխատանքի մասին մտածել: Բայց, ոչ, դեռ չեմ մտածում այդ մասին: Շատ մեծ ուժ ունեմ ու ձգտելու եմ հնարավորինս երկար «Փյունիկ»-ին ու ազգային թիմին օգուտ տալ։ Կանեմ դա մինչև այն պահը, երբ կրտսեր սերունդները պատրաստ կլինեն ու հանգիստ սրտով կհեռանամ:
-Շատ տարբեր մարզիչների հետ եք աշխատել: Ո՞ վ կամ ովքե՞ ր են եղել այն մասնագետները, որոնք առավել մոտ են եղել ֆուտբոլային Ձեր փիլիսոփայությանը:
-Ես մարզիչներին առաջին հերթին գնահատում եմ որպես մարդ և հետո միայն որպես մասնագետ: Եթե դու լավ մարդ ես, ապա քեզ մոտ կստացվի նաև մարզչական գործը: Երևի առանձնացնեմ Խոակին Կապառոսին, որի հետ մեծ հաղթանակներ ենք տարել, նաև պարտություններ ենք կրել: Միայն հաղթանակների ժամանակ չէ, որ տեսնում ես մարդու որակը: Հենց պարտության ժամանակ է, որ առավել շատ ես տեսնում: Կապառոսն ինձ իմ կարիերայի ընթացքում շատ է օգնել: Եվ կառանձնացնեմ նաև Վարդան Մինասյանին, քանի որ հենց ինքն է, որ ինձ կրթել է որպես ֆուտբոլիստ, հնարավորություն է տվել 18 տարեկանում հանդես գալ հավաքականում:
-Եթե Ձեզ հնարավորություն տրվեր 17-ամյա Վարազդատ Հարոյանին մի խորհուրդ տալ, ինչպիսի՞ն կլիներ այն:
-Կասեի` ամեն ինչ լավ է, շարունակիր նույնությամբ:
-Ո՞րն է Ձեր ամենահիշարժան հանդիպումը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում:
-Կարծում եմ` Ռումինիայի ու Չեռնոգորիայի դեմ այն խաղերն են, որոնցում հրաշալի Comeback-եր (հեղ. վերադարձ) կատարեցինք: Բայց հիշարժաններից է նաև Թուրքիայի դեմ արտագնա խաղը: Անկեղծ եմ ձեզ ասում` հավաքականի տղաներին երբեք այդպիսին չէի տեսել: Գիտեմ որ սպորտում սխալ է ասել, բայց մենք գիտեինք, որ «պատերազմ» ենք գնացել:
-Ո՞ վ է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:
-Սերխիո Ռամոսը:
-Եվ փոխելով հարցերի ուղղվածությունը՝ ո՞ րն է մարդկային մեծագույն արժեքը, որը գնահատում եք դիմացինի մեջ:
-Մաքրությունը:
-Ո՞ւմ եք զանգում առաջինը՝ լավ լուր ստանալիս:
-Կնոջս:
-Ինչպե՞ս կուզեիք, որ Ձեզ հիշեին:
-Որպես հավատարիմ մեկին:
-Եթե տեսնեիք Աստծուն ի՞ նչ կասեիք:
-Թող խաղաղություն լինի:
-Եթե Ձեր կյանքը կախված լիներ մեկ 11 մետրանոց հարվածից, որը Դուք չեք իրացնելու, ո՞ւմ կվստահեիք այն:
-Երկուսը կան. Էդուարդ Սպերցյանը և Տիգրան Բարսեղյանը: Երևի Բարսեղյան… ոչ, ոչ Սպերցյան (խմբ. ծիծաղում է):
-Եթե հնարավորություն ունենայիք ընտրել բոլոր ժամանակների ոչ հայ որևէ ֆուտբոլիստի, որի հետ կկարողանայիք խաղալ, ո՞ ւմ կընտրեիք:
-Նեմանյա Վիդիչ ու Սերխիո Ռամոս:
-Եվ եթե հնարավորություն ունենայիք հայոց պատմության որևէ կերպարի հետ մի քանի րոպե խոսելու, ո՞ ւմ կընտրեիք:
-Վարդան Մամիկոնյան (խմբ. բարձր ծիծաղում է)։
-Վարազդատ, անչափ շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար: