Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի Իսպանիայի երկրորդ լիգայի՝ Սեգունդայի նորեկ «Տեներիֆե» ակումբում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է գերմանական «Բորուսիա Մյունխենգլադբախ» ակումբի մամուլի ծառայությունը, որից էլ «Տեներիֆե»-ն ձեռք է բերել հարձակվողի տրանսֆերը։
«Հրանտը մեզ միացել էր երիտասարդ տարիքում ու հնարավորություն ուներ ցույց տալու, թե ինչի է ընդունակ, ինչպես նաև զարգանալ այստեղ։ Սակայն երեք տարի անց նա չկարողացավ հաստատվել մեր առաջին թիմում՝ չնայած նրան, որ դրա ներուժն ունի։ Այդ պատճառով մենք որոշեցինք դադարեցնել համագործակցությունը։ Նոր մեկնարկը նոր երկրում ու նոր լիգայում կարող է լավ անդրադառնալ նրա վրա։ Մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք կարիերայի նոր փուլում»,- ասել է «Բորուսիա Մյունխենգլադբախ»-ի սպորտային տնօրեն Ռուվեն Շրյոդերը։
Ռանոսը «Բորուսիա Մյունխենգլադբախ»-ին միացել էր 2023 թվականին Մյունխենի «Բավարիա»-ի երիտասարդական թիմից։ Նա ակումբի կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Ռանոսը նաև 17 խաղի է մասնակցել ակումբի մինչև 23 տարեկանների թիմի կազմում՝ խփելով 8 գոլ ու կատարելով 10 գոլային փոխանցում։
Հրանտ-Լեոն Ռանոսը 2024/2025 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել էր «Կայզերսլաուտերն»-ում, իսկ 2025/2026 մրցաշրջանի երկրորդ հատվածը՝ «Այնտրախտ Բրաունշվեյգ»-ում։