Սպորտ

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

2 րոպեի ընթերցում

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում երկու խաղերի ընդհանուր 4:3 հաշվով լատվիական «Ռիգա»-ի նկատմամբ տարած հաղթանակը շատ արժեքավոր է համարում։

«Ամբողջ հանդիպման ընթացքը շատ բարդ ստացվեց։ Մենք գիտեինք, որ մրցակիցը շատ ուժեղ թիմ է և ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ։ Սա բնական է, քանի որ նրանք իրենց ներքին առաջնության միջնամասում են և այլ խաղային ռիթմ ունեն։ Եթե իրացնեինք մեր հնարավորությունը առաջին կեսի մեկնարկում, խաղն այլ ընթացք կստանար։ Գոլեր ընդունեցինք, քանի որ մրցակիցը շատ լավ էր պրեսինգ կիրառում։ Հանդիպման ընթացքը բեկվեց, երբ խաղադաշտ դուրս եկավ Արմեն Համբարձումյանը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ռիգայից, այս մասին լրագրողների հետ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տուլիպան։

Ըստ մասնագետի՝ «Արարատ-Արմենիա»-ն ձգտելու է առավելագույնին ընթացիկ եվրագավաթային մրցափուլում, իսկ իր գլխավորած թիմի նպատակային կետերից մեկը հայկական ակումբային ֆուտբոլի համար հնարավորինս շատ միավոր նվաճելն է։

«Չեմ կարծում, որ «Ռիգա»-ն սխալվեց։ Ֆուտբոլում կարևոր է նաև բախտի գործոնը։ Այս դիմակայությունում բախտը մեզ օգնեց։ Սակայն երկրորդ կեսում այդ նույն բախտը մեզ չէր ժպտում։ Մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել։ Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է։ Սա հաղթանակ էր բավականին ուժեղ թիմի դեմ։ Հաշվի առնելով, թե ինչ պայմաններում էին այս երկու թիմերը, մենք իսկապես անհավանական աշխատանք ենք կատարել, ինչը մեծ գնահատանքի է արժանի»,- ընդգծեց նա։

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկրորդ խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում մրցեց Լատվիայի չեմպիոն «Ռիգա»-ի հետ և զիջեց 3:2 հաշվով, սակայն երկու խաղերի ընդհանուր 4:3 հաշվով Հայաստանի չեմպիոնը կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում