Սպորտ

Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

2 րոպեի ընթերցում

Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համաձայնեցրել է պայմանագրի և անձնակազմի հետ կապված բոլոր հարցերը և կգլխավորի երկրի ֆուտբոլի հավաքականը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Վերջինս հիշեցրել է, որ Զիդանը վաղուց է համաձայնություն տվել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելուն՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր մերժելով մի շարք ֆուտբոլային ակումբներ գլխավորելու առաջարկները։

«Անձնակազմն արդեն որոշված ​​է, և Զիդանը պաշտոնական պայմանագիր կստորագրի առաջիկա օրերին՝ հավաքականի ներկա մարզիչ Դիդյե Դեշամի հրաժեշտից հետո»,-գրել է Ռոմանոն։

Զինեդին Զիդանը որպես ֆուտբոլիստ Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում դարձել է 1998 թվականի աշխարհի չեմպիոն (եզրափակչում դառնալով երկու գոլի հեղինակ) և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն: Նա արժանացել է «Ոսկե գնդակ» հեղինակավոր մրցանակին (1998 թ.) և երեք անգամ ճանաչվել ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Նրա խաղային կարիերան ավարտվել է 2006 թվականի աշխարհի առաջնության դրամատիկ եզրափակչից հետո, որում Զիդանը Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Մարկո Մատերացիին գլխով հարվածելու համար կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց դաշտից, իսկ Ֆրանսիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Իտալիայի հավաքականին։

Մարզչական ասպարեզում Զիդանը գլխավորել է Մադրիդի «Ռեալը» երկու տարբեր ժամանակահատվածներում (2016-2018 թթ. և 2019-2021 թթ.): Նրա առաջնորդությամբ «Արքայական ակումբը» սահմանել է ռեկորդ՝ դառնալով պատմության մեջ միակ թիմը, որը նվաճել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը երեք տարի անընդմեջ (2016, 2017, 2018 թթ.): Բացի այդ, նա «Ռեալի» հետ երկու անգամ հաղթել է Իսպանիայի Լա Լիգայում։ Զիդանը 2021 թվականին հեռացել է «Ռեալ»-ից՝ երկար ժամանակ դադար վերցնելով մարզչական գործունեությունից։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում