Երևանում տեղի ունեցավ իրանական գեղագրության վարպետաց դաս
3 րոպեի ընթերցում

ԵՊՀ իրանագիտության ամբիոնում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի հովանավորությամբ անցկացվեց իրանական գեղագրության վարպետաց դասընթաց, որը վարեց արվեստի հայտնի գործիչ, գեղագրության վարպետ և դասախոս Քուրոշ Մոզաֆարբեյգին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանի բնորոշմամբ` իրանական արվեստի կարևորագույն ուղղություն համարվող գեղագրությունն իր գեղարվեստականից և գեղագիտականից բացի, ունի նաև կիրառական նշանակություն։
«Հետևաբար, կարծում եմ, որ մեր իրանագետ ուսանողներին շատ հետաքրքիր կլինի այս վարպետաց դասը»,-նշեց Ոսկանյանը։
Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանության մշակույթի գծով խորհրդական և դեսպանությանը կից գործող մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդի խոսքով՝ երկու երկրների միջև մշակութային մի շարք ծրագրեր կան։
Հայաստանի ժողովուրդը, այդ թվում՝ արվեստագետներն ու մտավորականությունը, բավականին հետաքրքրված են Իրանի մշակույթով։ Իրանի մշակութային ճյուղերից մեկը գեղագրությունն է։ Մեր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է նաև այն, որ գեղագրության վարպետաց դասը հատկապես իրանագիտության ամբիոնի ուսանողների համար անցկացնենք։ Իրանի մշակույթի և գեղագրության հետ լավ ծանոթանալու կարևոր ուղիներից մեկը համարվում է արվեստագետների կողմից այդ ձեռագրերի ուսումնասիրությունը։ Մեր կարևոր նպատակներից էր, որ գեղագրության վարպետաց դասի ղեկավարի ջանքերով ուսանողներն ավելի մոտ ծանոթանան ամբողջ պրոֆիլակտիկ աշխատանքներին»,-ասաց Մոհամմադ Ասադի Մովահեդը։
Նրա տեղեկատվությամբ՝ Քուրոշ Մոզաֆարբեյգի կողմից Հայաստան է բերվել գեղագրության ընդհանուր առմամբ 36 նմուշ, որոնք, վարպետաց դասերի հետ մեկտեղ, կցուցադրվեն Երևանի Կապույտ մզկիթում, ինչպես նաև Գյումրիում։
Անդրադառնալով նման միջոցառումների կարևորությանը հայ-իրանական մշակութային կապերի խորացման ու ամրապնդման գործում՝ Մոհամմադ Ասադի Մովահեդն ընդգծեց, որ մշակույթն ու արվեստը սահմաններ չունեն և դրանց միջոցով հնարավոր է ճանաչել միմյանց հոգիները։
«Հայաստանի և Իրանի միջև մշակութային և արվեստի կապերը խորացնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին սրտով ու սիրով ճանաչել արվեստը։ Հայաստանի և Իրանի միջև ընդհանուր ծրագրեր շատ ունենք և դրանք կարող ենք դասակարգել մի քանի ուղղություններով, առաջին հերթին՝ լեզուն, այնուհետև՝ արվեստն ու մշակույթը»,-ընդհանրացրեց նա։